Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ը հերթական անգամ ցույց տվեց, որ ցավակցում է մեզ, բայց այս կառույցից կոնկրետ լուծում ակնկալելն անհնար է»․ քաղաքագետ

Օգոստոս 17,2023 20:22

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած ելույթները, կարծիք հայտնեց, որ այս կազմակերպությունից կոնկրետ լուծում չպիտի ակնկալել Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու ու բնակչությանը հումանիտար աղետից փրկելու առումով։

Այս կազմակերպությունը, ըստ քաղաքագետի, հերթական անգամ ցույց տվեց, որ ցավակցում է,հասկանում է մեր խնդիրները, բայց նրանից կոնկրետ լուծման ակնկալիքներ ունենալ անհնար է։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումներում համապատասխան երկրների ներկայացուցիչների կարծիքները  լսելիս՝ պետք է նշեմ, որ մեծ մասամբ ինձ համար նրանց ելույթները սպասելի էին, օրինակ՝ Ալբանիայի թրքամետ, ադրբեջանամետ կարծիքը։

Ինձ համար շատ մեծ անակնկալ էր Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի ելույթը, որը բացահայտ սկսեց նշել պրոադրբեջանական թեզեր, առաջ տարավ երկրորդ կամ այլ ճանապարհների բացումը, ինչպես ինքն էր ասում։

Սա պրոադրբեջանական է, և նախատեսում է Ակնա-Ասկերան ճանապարհի բացումը, սա հերթական անգամ ցույց տվեց, որ Ռուսաստանը կամ բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, կամ ես անկեղծ ասած չեմ հասկանում Ռուսաստանի դիրքորոշումն այս պարագայում որն է և ինչ սպասելիքներ ունի իր դիրքերը պահպանելու առումով Արցախում, որովհետև իր հակաարցախյան  բացահայտ վարքագիծն անընդունելի է։

Ամեն դեպքում, բազմիցս ասել  եմ և հիմա էլ նշում եմ, որ, այո՛, Նիկոլ Փաշինյանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախը ճանաչել է այդ ամբողջականության մեջ, որը հակահայկական է։ Բայց միևնույն ժամանակ  Ռուսաստանն իրավունք ունի հայաստանյան հասարակությանն ապացուցելու, որ Նիկոլը դավաճան է, և ինքը թույլ չի տա, որ Փաշինյանը խախտի 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որի 6-րդ կետի համաձայն,  ՌԴ-ն պարտավոր է ապահովել Բերձորի միջանցքի անխափան գործունեությունը, որը պաշտոնական Մոսկվան  չի անում։

Ամեն դեպքում և՛ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն այստեղ պիտի բարձրաձայնենք և՛ Ռուսաստանի չքմեղանալու փորձերը՝ իր պարտականությունները  չկատարելու առումով։ Եվ երեկ բացահայտ պրոադրբեջանական թեզերը առաջ տանելու առումով, այն դեպքում, երբ նույն Մեծ Բրիտանիայի ներկայացուցչից սպասում էի հակահայկական ելույթ, ընդհակառակը հայամետ դիրքորոշում հայտնեց»։

Քաղաքագետի կարծիքով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից  եթե բանաձև ընդունվի, այն չի լինի հայամետ, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները, որոնք իրավունք ունեն վետո կիրառել, ամեն մեկն իր շահն ունի Ադրբեջանից։

«Մեծ Բրիտանիան, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից մեկն է, համոզված եմ ՝ եթե գործը հասնի Ադրբեջանի դեմ բանաձև ընդունելուն, ապա վետո կդնի և չի ընդունի այդ բանաձևը։

Չի բացառվում, որ հակադրբեջանական բանաձևի դեմ քվեարկի նաև ՌԴ-ն։

Եթե գործը հասել է սրան, որ պաշտոնական Մոսկվան, իր պարտականությունները չկատարելով, ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործում է Ակնա-Ասկերան ճանապարհի լոբբինգն անելով, չի բացառվում, որ լինի երկրորդ պետությունը Մեծ Բրիտանիայից հետո։ Եթե, էլի եմ կրկնում, հայամետ բանաձևի ընդունման մասին խոսք լինի, ապա Մեծ Բրիտանիայից հետո ՌԴ-ն հաստատ երկրորդը կլինի, որը իր վետոյի իրավունքից կօգտվի և թույլ չի տա հայամետ բանաձև ընդունելու։

Ամեն դեպքում հայաստանյան հասարակությունը ես չգիտեմ՝ հասկացավ, թե ոչ, բայց պետք է վերջնականապես հասկանա՝ եղունգ ունես, գլուխդ քորի տարբերակն է գործելու, և որևիցե մեկը մեր փոխարեն որևէ հարց չի լուծելու, այդ թվում նաև արցախահայերի ճակատագիրը։

Եթե մենք ցանկանում ենք, որ Արցախում ապրեն հայեր, ապա մենք ինքներս պետք է այդ հարցով զբաղվենք, ոչ մի միջազգային հանրություն, ոչ մի միջազգային դատարան այդ թվում նաև ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային քրեական դատարանը, որը որոշում է ընդունել և Ադրբեջանին պարտավորեցրել է բացել Բերձորի ճանապարհը, Ադրբեջանը բացահայտ արհամարհում է, չեն կարող պաշտոնական Բաքվին պարտադրել գնալ որևիցե զիջումների։

Այնպես որ մենք պետք է օբյեկտիվը հասկանանք․ հաղթանակ տարած Ադրբեջանին ոչ ոք չի մեղադրելու ոչ մի հանցագործության մեջ, չի պարտադրելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով որևէ զիջումների գնալ պաշտոնական Երևանին, որը պարտված երկիր է, պարտված լիդերին վերընտրած երկիր է։ Իսկ Ադրբեջանի նախագահը մի անգամ ասել է՝ հայ ժողովուրդն ինքն է ընդունել, որ պարտվել և կապիտուլացվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ է ընտրել երկրի ղեկավար»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031