Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նաեւ հենց ՄԱԿ-ի ձախողման, իր առաքելությունը չկատարելու հետեւանք է, պետք են հստակ գործողություններ, ոչ թե պրոտոկոլային հայտարարություններ». Գեղամ Ստեփանյան

Օգոստոս 17,2023 20:11

Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ առցանց ասուլիսին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուշ միացավ, որովհետեւ Ադրբեջանը րոպեներ առաջ կտրել էր Բերձորի միջանցք եկող ինտերնետի մալուխը, ստիպված կապն ապահովել էին այլընտրանքային կապուղիներով:

Նա հայտարարեց. «8 ամիս շարունակ Արցախի մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը տարբեր զեկույցներով, տարբեր տեղեկանքներով մշտապես ներկայացրել է տարբեր կազմակերպությունների, որ սա համակարգված իրականացվող գործողություններ են, որոնց նպատակն է Արցախի ժողովրդին ոչնչացնելը: 8 ամիս շարունակ ահազանգել ենք, խնդրել ենք միջազգային ներկայություն, խնդրել ենք, որ տեղում իրավիճակի մասին փաստահավաք իրականացվի, ներկայացվի միջազգային կառույցներին»:

Նա նշեց, որ ցավալիորեն, երեկ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասում էին, թե մենք տեղում ներկայություն չունենք եւ հիմնվում ենք Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության վրա. «Դա ո՞ւմ մեղավորությունն է:

Արցախում մարդու իրավունքների լայնածաված խախտումների պարագայում ՄԱԿ-ը, որը աշխարհում խաղաղության եւ անվտանգության պահպանման կարեւոր գործառույթ ունի, 8 ամիս հետո չունի որեւէ ներկայություն: Սա նաեւ հենց այդ կառույցի ձախողման, իր առաքելությունը չկատարելու հետեւանք է: Օր առաջ այս ցեղասպանությունը կանխելու համար պետք է միջազգային ներկայություն ապահովել Արցախում, որը զսպիչ դեր կկատարի: Արձանագրել ենք արդեն սովամահության դեպք, կան բոլոր փաստերը, մենք պատրաստ ենք ցանկացած երրորդ կողմի ներկայացնել բոլոր փաստերը, ապացուցել, որ տվյալ անձը մահացել է սովամահության, սպիտակուցաէներգետիկ անբավարարության պատճառով եւ սա սպառնում է 120 հազար մարդու»:

Ըստ նրա, ոչ թե պետք է ՄԱԿ-ում «պրոտոկոլային» հայտարարություններ լինեն, այլ լինեն հստակ գործողություններ, որովհետեւ ամեն օրը կարեւոր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031