Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ ասուլիսում հարցին՝ կոչեր կան ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, կարող՞ է Ադրբեջանը որեւէ կարգավիճակ տալ Արցախին ու ինչքանո՞վ է հնարավոր Կոսովոյի օրինակով Արցախի հարցը լուծել՝ Հաագայի նախկին դատախազ, միջազգային անկախ փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն պատասխանեց, որ չգիտի, թե ինչ զարգացում կունենա Արցախի հարցը, խնդիրն այն է, որ անկախ այն բանից, թե ինչ կարգավիճակ կունենա Ղարաբաղի տարածքը, այնտեղ ապրող հայերը չպետք զոհ դառնան ցեղասպանության:
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, խոսելով Արցախ-Ադրբեջան բանակցությունների մասին, ասաց. «Արցախյան կողմը ամենաշահագրգիռն է, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով մենք կարողանանք հասնենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այստեղ մի քանի կարեւոր հանգամանք կա՝ նման բանակցությունները պետք ընթանան միջազգային ձեւաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա ներգրավված կողմերին տեսնել, որ այդ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին, պահանջներին համապատասխան: Երկրորդը՝ պետք է հստակ երաշխիքներ ամրագրվեն, որ կողմերը ստանձնած պարտավորությունները կատարելու են: Մենք ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որտեղ կա նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը եւ չի կատարվում: Ինչ վերաբերում է նրան, որ առաջարկվել է երրորդ երկրի տարածքում բանակցություններ սկսել, օգոստոսի սկզբին նախատեսվում էր նման հանդիպում, արցախյան կողմը ընդունել է, ադրբեջանական կողմը վերջում չեղարկել է մասնակցությունը»:
Նա ընդգծեց, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքից հետո, երբ արցախցին առեւանգվել էր ադրբեջանական ուժերի կողմից, ցույց է տալիս, որ առանց երաշխիքի հանդիպումեր ունենալ ադրբեջանցիների հետ անհնար է:
Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման հետ կապված Սերգեյ Ղազարյանն ասաց. «Այդ քայլով կլեգիտիմացվի Ադրբեջանի կողմից Լաչինի արգելափակման ապօրինի գործողությունները: Ադրբեջանը հստակ ուզում էր, որ այդ կապը Հայաստանի եւ Արցախի միջեւ կտրի՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: Երկրորդը՝ որեւէ միջազգային օգնություն չպետք է նսեմացնի մարդու արժանապատվությունը, հետեւաբար, եթե Ադրբեջանը ինքնուրույն ստեղծել է նման ծանր իրավիճակ՝ միտումնավոր սովի մատնելով ավելի քան 120 հազար մեր հայրենակիցներին, ուղղակի կեղծ փորձերը ներկայանալ այդպիսի «մարդասիրական» ինչ-որ մոտեցումներով անընդունելի պետք է լինեն: Երրորդը՝ սա ոչ միայն Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, այլ նաեւ մեր հայրենակիցների, երեկ այդ մասին հայտարարություն են արել նաեւ արցախյան ՀԿ-ները: Հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միջեւ անթույլատրելի է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ