Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել. որեւէ հիմք որեւէ միջնորդ չունի, որ նման տեսլականները հնարավոր լինի կյանքի կոչել». Սերգեյ Ղազարյան

Օգոստոս 17,2023 19:33

«Մենք ունեցել ենք սովամահության դեպք եւ տեսնում ենք, որ, ցավոք, այդ վտանգը գնալով ավելի լուրջ է դառնալու՝ հաշվի առնելով, որ շատ սահմանափակ կարողություններ ունենք, միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ վառելիքի պակասությունը շատ ծանր վնասներ է հասցրել բոլոր կենսագործունեության ոլորտներին՝ սկսած առողջապահական համակարգից, մինչեւ գյուղատնտեսություն: Ադրբեջանը գիտակցաբար է սովի մատնելու գործիքը ընտրել եւ միայն միջազգային հանրության կողմից կոնկրետ քայլեր ձեռնարկելու պարագայում հնարավոր կլինի զսպել Ադրբեջանին»,- Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանության վերաբերյալ հրատապ ասուլում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

Հաագայի նախկին դատախազ, միջազգային անկախ փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ենթարկվել Միջազգային դատարանի վճռին: Ըստ նրա, բոլոր փաստերը կան ապացուցելու, որ ցեղասպանություն է տեղի ունենում Արցախում:

Սերգեյ Ղազարյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման հարցի քննարկմանը, ասաց, որ քննարկումը արդեն ողջունելի է: Նա շնորհակալություն հայտնեց այն երկրների ներկայացուցիչների, որոնք հստակ ձեւակերպումներ տվեցին Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանն ու Բերձորի միջանցքի ապօրինի արգելափակմանը. «Մտահոգություն ունեք մի շարք երկրների կողմից, որ փորձել են ինչ-որ հավասարության նշաններ դնել Լաչինի միջանցքի եւ այլ տրանսպորտային կոմունիկացիաների միջեւ, որն անթույլատրելի է եւ  չի համապատասխանում Լաչինի միջանցքի` նոյեմբերի 9-ին հաստատված փաստաթղթով սահմանված պարամետրերին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արտահերթ նիստի հրավիրումը միայն մեկնարկն է, այս գործընթացը շարունակվելու է: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հենց այն կառույցն է, որն ունի լիազորություններ, որ կանխարգելի այն ցեղասպան քաղաքականությունը, որը տեսնում ենք Ադրբեջանի կողմից»:

Հարցին՝ միջնորդների կողմից  ստացե՞լ եք փաստաթուղթ այն տեսլականի, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում շարունակեն գործունեությունը, Սերգեյ Ղազարյանը պատասխանեց, որ պաշտոնական խողովակներով Արցախի ԱԳՆ-ն նման փաստաթուղթ չի ստացել: Նա նաեւ հայտարարեց. «Հուլիսի 27-ին ԱԳՆ հայտարարության մեջ այնպիսի տեսլականի անդրադարձ կատարվել է, որը նախատեսում է ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում մեր իրավունքների ապահովմանը: Մենք շատ հստակ նշել ենք, որ սա իրականությունից կտրված տեսլական է ու դա ոչ միայն մեր կարծիքն է, սրա մասին փաստում են այն իրողությունները, որոնք ունենք գետնի վրա: Եվ եթե որեւէ մեկը միջնորդներից նման հույսեր ուներ, ապա տեսնելով Ադրբեջանի կողմից քաղաքականության արդյունքները, այն պարագայում, երբ 120 հազար մարդ միտումնավոր մատնված են սովի, ամենօրյա կտրվածքով հնչում են ուժի կիրառման մասին սպառնալիքներ, ինչպես է ոչնչացվում հայկական մշակութային ժառանգությունը, ապա որեւէ հիմքեր որեւէ միջնորդ չունի, որպեսզի նման տեսլականներ, առաջարկներ հնարավոր լինի կյանքի կոչել»:

Ի՞նչ կարող է անել, օրինակ, ԱՄՆ-ն՝ կանխարգելելու ցեղասպանությունը Արցախում՝ Սերգեյ Ղազարյանն ասաց, որ ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը ունեն այդ գործիքակազմը, կարող են հստակ գնահատական տալ ու երբ դա անեն, գործիքակազմն ի հայտ կգա. «Ե՛վ պատժամիջոցների մասին է խոսքը գնում, ե՛ւ դիվանագիտական, քաղաքական այլ քայլերի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031