Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում Սպիտակի բժշկական կենտրոնին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարեւորագույն սարքավորումներ:
Դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է «Սպիտակ Ֆերմեր» ՀԿ-ի եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջեւ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահական եւ ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել գաստորոկոլոնոսկոպիկ սարքավորումների լրակազմ, որը նվիրաբերվելու է Սպիտակի բժշկական կենտրոնին: Նախատեսվում է նաեւ վերանորոգել եւ կահավորել գաստրոկոլոնոսկոպիայի համար նախատեսված սենյակը:
Սպիտակի բժշկական կենտրոնը՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ, այսուհետ կունենա ժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպ, ինչը ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից հետազոտություն է: Մինչ այս պահը բժշկական կենտրոնում առկա է եղել միայն գաստրոսկոպ, այն էլ 30 տարվա արտադրության: Մարզի այն պացիենտները, որոնք կարիք են ունեցել անհրաժեշտ հետազոտությունների, ուղեգրվել են մայրաքաղաքային բժշկական հաստատատություններ, մինչդեռ ստացվող նորագույն սարքավորումներն այսուհետ թույլ կտան ժամանակին եւ ճշգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունները, որի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր:
Կարդացեք նաև
Իր խոսքում Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը կարեւորելով սարքավորումների անհրաժեշտությունը, շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանն ու բոլոր այն անձանց ու կառույցներին, որոնց շնորհիվ բժշկական կենտրոնը շարունակում է առաջ ընթանալ՝ տարածաշրջանի ազգաբնակչությանը մատուցելով որակյալ եւ արդյունավետ բուժօգնություն:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մաշանորին եւ Սպիտակի բժշկական կենտրոնի վիրաբույժ Նարեկ Ամիրյանը համատեղ կատարել են «Երազի իմ երկիր հայրենի» երգը:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն