Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, ավելի կլավարկենք. Փաշինյան

Օգոստոս 17,2023 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում է հետևյալ արձանագրումն անել. «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան օդային չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան: Կարծում ենք, որ արդեն պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնել: Մեր ծրագիրը հետևյալն է. օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթները կսկսվեն հաջորդ շաբաթվանից, իսկ տոմսերի վաճառքի սխեմաները մշակված են:

Անցնելով հաշվետվությանը՝ պատասխանատուները նախ զեկուցել են, որ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտները 2022 թվականին նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2022 թվականին 2021թ. համեմատ փաստացի աճը կազմել է 344,6 մլն դրամ կամ 12,8 տոկոս:

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝ 30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է:

Նշվել է նաև, որ 2023 թվականին հաստատվել է սուբվենցիոն 24 ծրագիր՝ 6,6 մլրդ դրամի, որի պետական մասնաբաժինը կազմել է 4,1 մլրդ դրամ: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմում է 6,5 մլրդ դրամ:

Զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում, 46 դպրոցում գործում է ԱՐՄԱԹ լաբորատորիա:

Մարզի 139 բնակավայրերից 58-ում գործում է 43 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իր 23 մասնաճյուղերով, 6 այլընտրանքային խումբ և 13 դպրոցահեն նախակրթարան: Հիմնանորոգման կարիք ունի 12 հաստատություն, վերանորոգման՝ 19, ներկայումս վերանորոգվում է 4-ը:

Նշվել է, որ մարզում առկա է կաթի վերամշակման 20 կետ, որից 3-ը՝ Կապանում, 9-ը՝ Գորիսում, 3-ը՝ Տեղում, 5-ը՝ Սիսիանում: Սյունիքում գործում է 6 սպանդանոց, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքը կազմում է 8200 հա: Արոտավայրերը կազմում են 145 հազ. հա հողատարածք, որից օգտագործվում է 36 հազ. հա: Մարզում վարելահողերի տարածքը կազմում է 43,9 հազար հա, փաստացի օգտագործվում է 82 % -ը:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի, 3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ:

2022 թվականին մարզում իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. մարզում կատարվել են անտառապատման և այլ աշխատանքներ. անտառապատվել է ընդհանուր 40 հա. մակերեսով տարածք, Սիսիան համայնքում կառուցվել է 1000ք. մ ջերմատուն-տնկարան:

Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է 5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Բժշկական կազմակերպությունների առաջնային օղակում գրանցված բնակչության թիվը 119 հազար 136 է: 2022 թ. մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած Կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների շարունակական աճի ապահովումը, տեղական բյուջեների զարգացումը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի ծավալները շարունակեն աճել: Վարչապետն անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, որոնք պետք է համալրվեն նոր գույքով, իսկ հարակից ճանապարհները հիմնանորոգվեն, հանքարդյունաբերության ոլորտին, ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի ընդլայնմանը, ջրամբարաշինությանը, զբոսաշրջության խթանմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031