Կեսգիշերին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու ու ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով Ոստիկանության բաժին տարված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանն այսօր երեկոյան 20.00-ին կրկին փորձելու է վրան տեղադրել պուրակում:
Սահակյանն ու նրա համակիրները ցանկանում են շուրջօրյա հանդիպումներ ու քննարկումներ անցկացնել քաղաքացիների հետ, ձեւավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով:
«Օրենքն ուսումնասիրել եմ, մինչեւ 100 հոգանոց հավաքների դեպքում իրազեկման կարիք էլ չկա, բայց ոստիկանները որոշեցին, որ այդպես չէ, թույլ չտվեցին վրան տեղադրել, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով տարան ոստիկանության բաժին։ Կազմեցին վարչական իրավախախտումների մասին արձանագրություն»,- մեր զրույցում պատմեց Սուրեն Սահակյանը:
Նրա խոսքով ոստիկանություն տանելու ընթացքում ֆիզիկական ուժ իր նկատմամբ չի կիրառվել:
Կարդացեք նաև
«Այսօր էլի վրան ենք դնելու: Պետք է արթնացնել, քաղաքացին անտարբերից տարբեր պետք է դառնա, արձագանքի գոյաբանական խնդիրներին: Մենք նախատեսել ենք սկսել զրույցներ քաղաքացիների հետ: Պետությունն ընդհանրապես զրույցներից է սկսվում, քաղաքացիների միջեւ, իրենց նպատակների, արժեքների, իդեալների մասին զրույցներից: Կարող է թվալ՝ անկապ բան է, զրույցը ոնց կարող է պետություն դառնալ, բայց չէ, էդպես է, բացառապես էդպես է, ուրիշ տարբերակ չի լինում»,- հավելեց Սուրեն Սահակյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից