«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը։
-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի պահանջով նիստ գումարեց՝ քննարկելով Արցախում ստեղծված իրավիճակը։ Ի՞նչ ակնկալիք պետք է ունենալ այս նիստից։
-Հույս ունենանք, որ նվազագույնը հայտարարություն կլինի կամ առավելագույնը բանաձեւ կընդունվի։ Բանաձեւի հույսը շատ ավելի նվազ է, քան հայտարարության, գուցեեւ կողմերից մեկը վետոյի իրավունքը կկիրառի եւ կարգելափակի բանաձեւի ընդունումը։
Ընդհանուր առմամբ, շատ ավելի համապարփակ աշխատանք կարելի էր տանել, օրինակ, Բրազիլիայի, Ալբանիայի հետ կապված։ Իհարկե, ես հասկանում եմ, որ Ալբանիան շատ ավելի հակված է թուրքական ուղղությունը սպասարկելուն, բայց այս ուղղությամբ էլ կարելի էր աշխատել։ Բրազիլիայի հայտարարությունը լրիվ տեղավորվում էր ադրբեջանական պատումի, կեղծ օրակարգի համատեքստում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցածը վերջնանպատակ չէ, սա վերջնանպատակին հասնելու կարեւոր քայլերից մեկն է։
Կարդացեք նաև
-Նիստում հիմնականում հարցի հումանիտար կողմը քննարկվեց, քաղաքական հարցերը դո՞ւրս են մղվել օրակարգից։
-Այո, քաղաքական օրակարգ, ըստ էության, առաջ չքաշվեց էլ։ Ենթատեքստում անուղղակի կերպով առաջ քաշվեց քաղաքական հարց, երբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն իր ելույթի վերջին կետում նշեց միջազգային անկողմնակալ մոնիտորինգային առաքելության մասին։ Բայց քաղաքական օրակարգը որպես այդպիսին առաջ չքաշվեց, Հայաստանի Հանրապետությունը կամք չունեցավ հստակ մատնանշելու գլխավոր պատասխանատուներին, ի թիվս Ադրբեջանի՝ նաեւ ռուսական կողմին։ Եվ որպես դրա պատճառահետեւանքային կապ՝ միջազգային խաղաղապահ առաքելություն գործուղելու խնդրանքով հանդես չեկավ։ Բայց, կարելի է ասել, առաջին քայլն արված է։ Այդ մոնիտորինգային խումբն առաջին քայլերից մեկն է։ Հուսանք, այդ խնդրանքը կբավարարի միջազգային հանրությունը։ Ամեն ինչ կախված է վերջնական վճռից։
-Հնարավո՞ր է, որ ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից, որպեսզի ստիպեն բացել Բերձորի միջանցքը։
-Ճնշումը կկիրառվի, եթե բանաձեւ ընդունվի, բանաձեւում հստակ ընթացակարգ սահմանված լինի, ենթադրենք, ասեն, որ ակնկալում են մինչեւ սեպտեմբերի մեկը Բերձորի միջանցքի ապաարգելափակում, հսկիչ անցակետի ապամոնտաժում եւ ադրբեջանական զինված ուժերի հետքաշում։ Այսինքն՝ դա անարգել, անվերահսկելի կապուղի պետք է հանդիսանա։ Եվ եթե բանաձեւի տեսքով այդ ուլտիմատումը ներկայացվեր, եւ Ադրբեջանը դրան ականջալուր չլիներ, ժամկետը լրանալուն պես քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների շարք կիրառելու հնարավորություն կբացվեր։ Բայց հիմա էլ խաղարկելու եւ գործընթացը զարգացնելու հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Կարեւոր է, որ կարողանա դա անել։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ ի թիվս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների, որոնք անփոփոխ են, այնտեղ կան նաեւ 10 ոչ մշտական անդամներ, որոնք երկու տարի ժամկետով են ընտրվում։ Մենք կարող ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքը բացել եւ այնտեղ տեսնել 5 պետություն, որոնք 2024 թվականին էլ են շարունակելու իրենց լիազորությունները կատարել։ Մենք նախօրոք գիտենք, թե որ պետություններն են 2024 թվականի լինելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ նախօրոք աշխատանք պետք է տանենք այդ երկրների հետ, որովհետեւ չի բացառվում, որ մենք 2024-ին էլ դիմենք Անվտանգության խորհուրդ։
-Դուք ասում եք, որ եթե բանաձեւով հստակ ժամկետ սահմանվի, Ադրբեջանը պարտավորված կլինի բացել Բերձորի միջանցքը, բայց մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում, եւ Ադրբեջանը չի բացում միջանցքը։
-Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշում ունենք, որն անտեսվում է, բայց վճիռ չունենք։
–Ռուսաստանն առաջարկում է Բերձորի միջանցքին զուգահեռ միջանցք բացել նաեւ Ակնայով (Աղդամ), ինչպե՞ս եք գնահատում սա։
-Ես կասեի, որ դրանք համադրելի չեն՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարելի հավասարեցնել Բերձորի միջանցքի հետ։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը հիմա կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, այդ ցեղասպանության ռիսկերը բխում են ադրբեջանական կողմից։ Հետեւաբար, Ադրբեջանի տարածքից մուտք գործած որեւէ բեռ չի կարող վստահության նույն չափաբաժինն ունենալ, որքան Հայաստանի Հանրապետությունից ներկրված բեռները։ Վստահության դեֆիցիտի պարագայում մենք չենք կարող այդ երկու կապուղիները հավասարեցնել ու նույն ստատուսը տալ։ Առավել եւս մենք պետք է ֆիքսենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միակ իրավական կարգավիճակ ունեցող միջանցքը Բերձորի միջանցքն է, որը հստակ ստատուս ունի։ Մնացած բոլոր միջանցքները դրանք կեղծ օրակարգեր են, որոնք առաջ են քաշվում ռուս-ադրբեջանական համատեղ ջանքերի միջոցով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ