«Հանրապետության» հրապարակում գտնվող հայտնի Փոստի շենքի տարածքում ստեղծվում է «Ռիփաբլիք» պլազա ԲԲԸ։ Այս մասին որոշումը գործադիրը հաստատեց այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի՝ Նալբանդյան 28 հասցեի 7809,9 քմ մակերեսով շենքի եւ դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի վրա հիմնադրվում է «Ռիփաբլիք» պլազա բաց բաժնետիրական ընկերություն։
Ինչպես նշված է որոշման նախագծում՝ ծրագիրը պիլոտային է, որի առաջին փուլում հիմնադրվելու է «Ռիփաբլիք» պլազան։ Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ պիլոտային ծրագրի հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ՝ պետք է կատարի աշխատանքներ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախատեսվում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի եւ բաժնետոմսերի վաճառքի (օտարում, մասնավորեցում) կազմակերպման եւ կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառում, մասնավորապես՝ օտարման ենթակա եւ ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծում, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառում։ Պետական գույքի գրավչության բարձրացումը, վաճառքի ու օգտագործման տրամադրման խթանման առավել արդյունավետ գործիքակազմի կիրառումը, ներդրումների ներգրավման խթանումը հանդիսանում են Ռազմավարության հիմնական նպատակներից։
Կարդացեք նաև
Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ սա նոր գործիքակազմ է, հիմնում ենք 100% պետական մասնակցությամբ ընկերություն․ «Շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում՝ սկսած տեղադիրքից, ավարտած իր ճարտամշակութային արժեքով։ Սակայն շենքի ներսում կահավորման նորոգման վիճակը մեղմ ասած լավ չէ, անհրաժեշտ է շատ աշխատանք, ինչը պետք է կատարվի մասնավորի միջոցով։ Արժեքը մոտ 17 մլրդ դրամ է, սա էլ ընկած է կապիտալի հիմքում»։
Նախարարի խոսքով՝ այս նախագիծը կարող է լավ օրինակ լինել հետագայում նման արժեք ունեցող գույքերի օգտագործման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ շենքը չեն մասնավորեցնելու․ «Բաժնետոմսեր ենք թողարկելու եւ դրանք տեղաբաշխվելու են Երեւանի ֆոնդային բորսայում։ Մեր նպատակներից մեկն նաեւ ֆոնդային բորսան ակտիվացնենք եւ փորձենք այդ մշակույթը ներդնենք, երբ մարդը որեւէ բան ձեռք բերելիս ոչ թե գալիս է կառավարության հետ է բանակցում, այլ բորսայում դրված է ապրանքը, բորսայական գործարքով ձեռք է բերում է։ Հետաքրքիր մոդել է, բայց դեռ չգիտենք շուկայի ռեակցիան ինչպիսին կլինի մոդելի նկատմամբ։ Սա փորձարկում է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ