Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 17-ի նիստում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ի սկզբանե 2023 թ.-ի բյուջեով հաստատվել էր 6 ֆիլմի (2 լիամետրաժ խաղարկային, 4 վավերագրական) թվայնացման և վերականգնման աշխատանքների իրականացումը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 93.529.6 հազ. ՀՀ դրամ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների բանակցությունների արդյունքում ՀՀ-ին առաջարկվել է ֆիլմերի թվայնացման և վերականգնման ծառայությունների մատուցման նվազեցված սակագներ: Միաժամանակ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Ֆ. Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի թվայնացման և վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Նշված արդյունավետ համագործակցությունների արդյունքում կինոժառանգության պահպանման համար նախատեսված ծախսերի տնտեսում է կատարվել:
Կարևորելով Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակները, ինչպես նաև հաշվի առնելով, որ 2024թ․-ին նշվելու են Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանները և այդ շրջանակում միջազգային հեղինակավոր հարթակներում նախատեսված են հայկական կինոժառանգության ցուցադրություններ՝ որոշվել է թվայնացնել և վերականգնել ավելի մեծ թվով ֆիլմեր։
Այսպիսով՝ ՀՀ ԿԳՄՍՆ 2023 թվականի բյուջեով պլանավորված «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» միջոցառման շրջանակում հաստատված 6 ֆիլմի փոխարեն թվայնացվելու և վերականգնվելու է 32 ֆիլմ:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ