Բաքվում մեկնարկել է հրաձգության աշխարհի առաջնությունը, որը շատ կարեւոր մրցաշար է 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Երկուսուկես շաբաթվա ընթացքում այստեղ խաղարկվելու է Խաղերի 48 ուղեգիր, որոնց համար պայքարելու են 101 երկրների ներկայացուցիչներ:
Սակայն աշխարհի առաջնությանը, բացի Ռուսաստանից եւ Բելառուսից, որոնց հրաձիգներին արգելվել է հանդես գալ անգամ չեզոք կարգավիճակում, չի մասնակցում նաեւ Հայաստանը, թեեւ ավելի վաղ մեր հավաքականը պլանավորել էր մեկնել:
Հայաստանն առայժմ ունի Փարիզի մեկ ուղեգիր, որը անցած տարի Կահիրեում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է Էլմիրա Կարապետյանը՝ օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձեւում: Սա Հայաստանի ընտրանու համար, իհարկե, գոհացուցիչ արդյունք չէ, եթե նկատի ունենանք անցած տարի Եվրոպայի առաջնությունում մեր դիպուկահարների փայլուն մրցելույթները:
Հասկանալի է, որ աշխարհի առաջնությունը, թեկուզ Բաքվում, բաց թողնելն այնքան էլ նպատակահարմար չէր, ուստի հայկական կողմը ընդունող երկրից եւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից անվտանգության երաշխիքներ էր պահանջել:
Կարդացեք նաև
Սակայն վերջին շրջանում Արցախի տոտալ պաշարման եւ դրա հետեւանքով իրավիճակի կտրուկ սրման պատճառով Բաքու մեկնելու գաղափարից հրաժարվելու որոշում է կայացվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ