Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 196-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների:
Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, զինվորականներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները և այլոք։
Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Օշականի ճակատամարտի 196-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ խոնարհեցին «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։
Կարդացեք նաև
ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը փաստեց, որ Օշականի ճակատամարտը երկու ժողովուրդների համար հայրենասիրության օրինակ է և ազգային ու համամարդկային արժեքների կրող XIX դարի հայ և ռուս զինվորների փորձով է պետք երիտասարդությանը սովորեցնել իսկական քաջություն և հերոսություն։
Նշենք, որ Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին: Այն ռուս-պարսկական ամենաարյունալի ճակատամարտերից մեկն է՝ պարսկական գահաժառանգ Աբաս Միրզայի և ռուս զորավար Աթանաս Կրասովսկու բանակների միջև: Չնայած պարսկական բանակի թվային գերազանցությանը, գեներալ-լեյտենանտ Կրասովսկու ռուսական ռազմական ջոկատը, հայ կամավորների հետ միասին, ճեղքել է Էջմիածնի վանքի պաշարումը և կարողացել պաշտպանել այն:
Օշականի ճակատամարտում նահատակվել է 1131 ռուս զինծառայող։
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ