Ջրամատակարարման խնդիրներն ավելանում են՝ կախած սեզոնից, օրինակ՝ ջրի պահանջարկն ավելանում է, համակարգը ճնշումն ավելացնում է, որպեսզի ավելի շատ ջուր հասնի սպառողներին, ու համակարգի մաշվածության պատճառով վթարներն էապես շատանում են։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերությունից քաղաքացիների բազմաթիվ բողոքներին։
Նրա ներկայացմամբ՝ ընկերության նկատմամբ կիրառվող մի քանի տեսակի տուգանքներ կան՝ եթե խախտում են ջրամատակարարման սահմանված ժամային գրաֆիկը, տուգանքն ավտոմատ է լինում․ «Տուգանքն ավտոմատ վճարվում է սպառողների հաշիվներին»։
Քաղաքացիները դժգոհում են նաեւ ջրի որակից։ Բաղրամյանն ասաց, որ հանձնաժողովն իրավասություն չունի ջրի որակի վերաբերյալ վարույթ հարուցել․ «Բայց համոզված եմ, որ առողջապահության նախարարությունը սանիտարական բոլոր նորմերը պահպանում է։ Ենթադրում եմ, որ որակի հետ կապված խնդիրները Էրեբունու շրջանում են հիմնականում լինում, ամառային սեզոնին, քանի որ ջրաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ միացվում են Արարատյան պոմպակայանները, դրանք արտեզյան ջրեր են եւ որակապես զիջում են աղբյուրից եկող ջրերին»։
Բաղրամյանի խոսքով՝ ջրանջատումների մասին պետք է լինեն հրապարակումներ, եթե կա դիմում, հանձնաժողովում հարուցվում վարույթ եւ համապատասխան արձագանք է տրվում․ «Ամառային սեզոններին բողոք-դիմումներն անգամներով ավելանում են։ Օրական 10 դիմումից 8-ը կարող է «Վեոլիա ջրին» վերաբերվեն»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ