Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենք երևի մտածում են, որ զինվորը զոհվելու համար է. իրավապաշտպանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի անպատասխանատվության մասին

Օգոստոս 17,2023 14:34

Մեր պատկերացումները, փաստորեն, տեսական են, թե ինչ պետք է անի պաշտպանության նախարարը արտառոց դեպքերում, նույնիսկ այդ նախկինները նման դեպքերում գնում էին տվյալ զորամաս, նախկինների կողմից անպայման արձագանք լինում էր, իսկ այս պաշտպանության նախարարը նույնիսկ հրդեհի դեպքում, երբ 15 զինծառայող զոհվեցին՝ նախ չայցելեց զորամաս, ո՞ւր մնաց այս 2 զինծառայողի մահվան դեպքում: Այսպես արձագանքեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Երկու զինվորի մահվան դեպք մեկ օրում․ բանակում ոչինչ չի՞ փոխվում» թեմայով քննարկմանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից որևէ արձագանք չի եղել մեկ օրում 2 զինծառայողի ինքնասպանության դեպքի առնչությամբ::

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ի առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդեց զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանի, իսկ երեկոյան՝ զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանի մահվան մասին։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախնական տվյալների համաձայն, Ժ․ Կարապետյանը «ինքնասպանություն է գործել իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման արդյունքում»։ Գրանիկ Վարդանյանի մահվան պաշտոնական վարկածը դեռ չի հրապարակվել։

«Իրոք արտառոց է այս լռությունը, 18 օրվա մեջ 3 դեպք. այս 2 ինքնասպանությունը և հուլիսի 26-ին Մուրադ Գրիգորյանի սպանության դեպքը, մենք որևէ արձագանք չենք լսել պաշտպանության նախարարից, նա պարտավոր է խոսել, հանրությանը բացատրել, ասել, թե ինչ որ բան կփոխվի, բայց իրենք միայն ասում են, թե իբր բարեփոխումներ են անում՝ առանց հիմնավորումների: Ես սա բացարձակ անպատասխանատվություն և անտարբերություն եմ գնահատում, քանի որ գնալով մահերի թիվն աճում է՝ հենց իրենց իշխանության օրոք: Հիմա 54 մահվան դեպք է գրանցվել, որը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Իրենց լռությունը ես անպատասխանատվությամբ եմ բացատրում: Երևի Պապիկյանը պատասխանատվության մասին որևէ տեղեկություն չունի, որ ինքը պատասխանատու է: Երբեմն Պապիկյանը հայտնվում է, ասենք, խորհրդարանում մեծաթիվ թիկնապահներով, մեծարման ինքնազգացումով, բայց թե ինչ է անում, ո՞վ է զինվորը իրենց համար, երևի իրենք մտածում են, որ զինվորը զոհվելու համար է»,-գնահատեց իրավապաշտպանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խիստ մտահոգիչ համարեց նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ մահվան դեպքերի կրկնապատկումը, որը ոչ միայն լուրջ ահազանգ պետք է լինի պաշտպանական գերատեսչության ղեկավարության համար, այլ նրանց կողմից հստակ բացատրություններ պետք է արվի: «Այստեղ 2 հասցեատեր կա, մեկն, իհարկե պաշտպանության նախարարն է, մյուսը՝ Գլխավոր շտաբի պետը, որը զինվորական ծառայության անմիջական կազմակերպողն է: Կա նաև երրորդ մարմինը, որ պետք է այս իրավիճակը քննության առնի՝ դա ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովն է, որը պետք է պառլամենտական վերահսկողության ապահովի և այս պատկերի հետ կապված առնվազն հրավիրի պաշտպանական գերատեսչության ղեկավարներին և այս հարցադրումներն անի»,-ասաց Սաքունցը:

Քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաև Պաշտպանության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որոնք, սակայն, քննարկմանը չէին ներկայացել։

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031