Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հակարիի կամրջի մոտից Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առեւանգմանը։ Մանասյանն ասաց՝ ՄԻՊ-ի ուսումնասիրության կենտրոնում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքների պաշտպանությունն է․ «Նրա հիմնարար իրավունքների միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների եւ չափանիշների խախտմամբ։ Դա հիմնավորվում է փաստական տվյալներով։ Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից անձը, փաստացի, ազատությունից զրկվել է մարդասիրական առաքելության իրականացման համատեքստում, երբ նա մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձ էր: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարված չէ, եւ անձը զինվորական ծառայության է անցել շատ ավելի ուշ, քան նրան մեղսագրվող արարքն է կատարվել»:
Երեկ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստում Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է․ «Մարդիկ երջանիկ են, պարում են իրենց առիթների ժամանակ․ անհիմն են ցեղասպանության մասին կեղծ մեղադրանքները»։ Ի՞նչ է անում Հայաստանի ՄԻՊ-ը, որպեսզի աշխարհը հասկանա՝ Արցախում մարդիկ սովամահ են լինում։ Լրագրողի այս հարցին ի պատասխան Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ը արտահերթ զեկույցներ է հրապարակել, որտեղ շատ մանրամասն ներկայացված է իրավիճակը Արցախում: Այդտեղ ոչ միայն ընդհանրական ձեւակերպումներ են, այլեւ՝ քանակական եւ վիճակագրական տվյալներ են ներկայացված, որակական վերլուծություններ են արված։ Մասնավորապես, եզրահանգումներ, թե որ հիմնարար իրավունքների հետ կապված են խնդիրներ առաջ գալիս: Մենք 2 շաբաթը մեկ պարբերականությամբ մեր միջազգային գործընկերներին ուղարկում ենք իրավիճակի հետ կապված հիմնական զարգացումները։ Ես անձամբ թե՛ հրապարակային, թե ոչ հրապարակային շփումներ եմ ունենում միջազգային գործընկերների հետ՝ ցույց տալով իրավիճակը»:
Անդրադառնալով Արցախում հումանիտար ճգնաժամի հետ կապված միջազգային կառույցների արձագանքներին, Մանասյանն ասաց՝ կարիք կա գործուն քայլեր ձեռնարկել․ «Շատ կարեւոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաեւ գործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն եւ երաշխավորում»:
Նա հայտնեց, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին 1 ամիս առաջ ուղարկած նամակին դեռևս պատասխան չի ստացել։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ