«Ես ոչ թե պետք է սկսեմ նրանից՝ այդ նիստը կայացել է, թե ոչ, այլ նրանից, թե ինչու է Հայաստանը ներկայացնում Լեռնային Ղարաբաղի շահերը: Այդ անձը՝ Արարատ Միրզոյանը, մինչ այդ մեկ այլ բարձր ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքները՝ 86,6 հազար քառ.կմ եւ ավելացրել է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»,-ասաց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:
Լարիսա Ալավերդյանը հավելում է. «Ճիշտն ասած, ինձ համար տարօրինակ է, որ այդքանից հետո պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Արցախի շահերը ներկայացնի Հայաստանի այդ պաշտոնատար անձը: Հենց դրանից են գալիս բոլոր առեղծվածային համընկնումները եւ նմանությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների խոսքի: Ապշելու բան էր, կարծես թե նույն սցենարով գրված ելույթներ էին»:
ՀՀ նախկին ՄԻՊ-ն ասում է, որ անհանգստացած է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի խոսքից, որտեղ, Լարիսա Ալավերդյանի ձեւակերպմամբ՝ կոնկրետ բանաձեւ կա. «ԱՄՆ-ի ներկայացուցիչը հստակ ասել է հետեւյալը՝ Լեռնային Ղարաբաղում, որը բնակեցված է հայերով, նրանց անվտանգությունը եւ իրավունքները պետք է պաշտպանվեն: Անհանգստություն ունեմ, որ իրապես կարող է ընդունվել որոշում, որտեղ տեղ գտնի այդ բանաձեւը:
Մենք մի ծուղակի մեջ ենք, որը սարքվել է սկսած ՀՀ առաջին նախագահից: Նա ասում էր, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ շատ բարձր կարգավիճակով: Նման բանավոր խոսակցությունները տարիներ շարունակ չեն ստացել գրավոր տեսք, բայց միջազգային հանրության մոտ տպավորություն են ստեղծել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից բանավոր ճանաչվել է Ադրբեջանի կազմում:
Կարդացեք նաև
ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներն ասել են՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում: Չորրորդ իշխանությունը, ի տարբերություն նախորդների, քառակուսի մետրերով է խոսել, դա աննախադեպ է միջազգային հարաբերություններում: Չկա նման դեպք միջազգային պրակտիկայում, որ մի պետություն ճանաչի մյուսի տարածքային ամբողջականությունը, խոսի քառակուսի մետրերով, ասի՝ ներառյալ մի տարածք: Եվ ահա այդպիսի մի պետության ներկայացուցիչ, ինչպիսին Հայաստանն է, ՄԱԿ-ում ներկայացրել է Արցախի շահերը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ