Մի խումբ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց արեցին՝ կոչ անելով կառավարությանն ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։
Քաղաքացիները կառավարությունից պահանջում են անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակման վերացման համար, դադարեցնել միակողմանի զիջումները հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շուրջ բանակցություններում եւ հիշեցնում են, թե ինչ մանդատով են վերընտրվել, այն է՝ Արցախի անկախության ճանաչման գործընթացն առաջ տանելու խոստումով։
Ցույցի մասնակիցներից Լիլիթ Քոչարյանը լրագրողներին ասաց․ «Մենք ուզում ենք իրենց հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է պարտական ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը եւ ոչ թե ձեռքերը լվանալ այդ խնդրից։ Արցախի բնակիչները դեռ ունեն ՀՀ քաղաքացիների անձնագրեր, եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել այդ մարդկանց կյանքի անվտանգությունը, որը վաղուց տեղի չի ունենում»։
Ցույցի մասնակիցները կաթսաներ էին բերել իրենց հետ, Լիլիթ Քոչարյանը նշեց, որ դրանով ուզում են կառավարությանը հիշեցնել, թե ինչպես է այս կառավարությունը եկել իշխանության։ «Մենք ուզում ենք իրենց հիշեցնել, որ ժողովուրդն է իրենց բերել իշխանության, եւ ինչ նպատակով էր այդ հեղափոխությունը, թե իրենց ինչքան են հեռու գնացել հեղափոխության նպատակներից, ինչքան են խախտել իրենց խոստումները։ Նաեւ հիշեցնեմ, որ 2021 թվականի ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ թիմը Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում էր «անջատում՝ հանուն փրկության» թեզով։ Եվ այդ խոստումով են իրենք իրականում վերընտրվել, սակայն հիմա իրենք անում են լրիվ հակառակը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը լրիվ հակասում է նախընտրական խոստումներին, ինքը դա անելու մանդատ չունի։ Մենք ուզում ենք հիշեցնել իշխանություններին, որ այդ նպատակով իրենց ոչ ոք չի վերընտրել»,- նշեց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցներից Ստելլա Ավագյանն էլ նշեց, որ Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանի կառավարության շենքում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Մենք պետք է սկսենք փոխվել, ոչ ոք մեզ համար ոչինչ չի անելու եւ պարտավոր էլ չէ անել։ Եթե մենք անտարբեր ենք արցախահայերի նկատմամբ, չենք ապրումակցում, դրանից ավելի դաժան բան ես չեմ տեսնում։ Իմ կարծիքով՝ Բերձորի միջանցքը բացելու բանալին կառավարության շենքում է գտնվում։ Այս մարդը պետք է գնա՝ իր թիմով հանդերձ։ Նախքան վերջնական կապիտուլյացիան ստորագրելը, որը ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի կապիտուլյացիան է լինելու, ինքը պետք է գնա։ Ինքն այս պահին շատ չարորակ ուռուցք է մեր երկրի համար, մետաստազներ է տվել արդեն, ամբողջ հասարակությունը հիվանդ է։ Մենք պետք է այդ չարորակ ուռուցքից րոպե առաջ ազատվենք, օրգանիզմը «աբդեյթ» անենք եւ հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ