Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է ջրային պարեկություն․Սեւանա լճում պարեկները ծառայություն կիրականացնեն սկուտերներով ու դրոններով

Օգոստոս 17,2023 13:22

Կառավարությունը ստեղծում է ջրային պարեկություն։ Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց ներքին գործերի նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծն, ասաց՝ նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ եւ Սեւանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

Այս ծառայության համար հանդերձանք, սարքավորումներ եւ այլ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար նախագծով նախատեսված է ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել եւ ՆԳՆ ոստիկանության մնացորդային գումարների հաշվին կատարել համապատասխան ծախսերը։

Նախարարի ներկայացմամբ եւ ըստ նախագծի, ջրային պարեկային ծառայությունը ծառայություն է իրականացնելու Շողակաթ հանրային, Արծվանիստ, Գեղամա լողափ եւ թերակղզի հանրային հենակետերում, նախատեսվում է նաեւ դրոններով ծառայություն իրականացնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման աշխատանքներն ավարտելու համար․ «Սեւանա լճում մեր ծառայություններն  ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, եւ ջրային ոստիկանությունը գործելու է հետեւյալ տրամաբանությամբ՝ կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների եւ «Սեւան» ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, նշանակված է ծառայողական քննություն, որովհետեւ գոնե նման հանրային լողափներում մենք ջրահեղձության դեպքերից պիտի կարողանանք խուսափել։  Սեւանա լճում ջրային պարեկների աշխատանքն էական փոփոխություն պիտի բերի։ Ջրային պարեկության ներդրումը նշանակում է, որ Սեւանա լճում օրինակ ջրային տրանսպորտային միջոցների երթեւեկության կարգի խախտման  արձանագրություններ կարող են կազմվել, ալկոհոլի օգտագործման կամ չօգտագործման հետ կապված ստուգումներ կարող են իրականացվել։ Նախատեսում են սկուտերներ ձեռք բերել»։

Վահե Ղազարյանը հավելեց՝ նախնական ձեռք է բերվելու 8 հատ երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց` 4 սկուտեր։

Փաշինյանն էլ նշեց, որ նախատեսվում է պետական բյուջեով եւ միջազգային գործընկերների աջակցությամբ  ձեռք բերել 4 մոտորանավակ՝ տասը մետր երկարությամբ, որոնք շուրջ տարի ծառայություն կիրականացնեն․ «Սա նշանակում է, որ Սեւանա լճում ձկան որսը օրենքով սահմանվածից դուրս գործնականում լինելու է անհնար։ Այսօրվանից  ոստիկանությունը, մարզպետարանը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է ակտիվ շփումներ իրականացնեն ձկնորսությամբ զբաղվողների հետ, որպեսզի ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենալու»։

 Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031