Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարծես համակենտրոնացման ճամբար լինի. մոռացված ճգնաժամ Եվրոպայի շեմին․ The Telegraph

Օգոստոս 17,2023 13:09

Բրիտանական The Telegraph պարբերականը ծավալուն հոդված է պատրաստել Արցախում Լաչինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

Եթե օրը հաջող է, Նինան ու նրա ընտանիքի անդամներն ունեն բավարար սնունդ՝ սովից չմահանալու համար: Հաց և վարունգ՝ նախաճաշին, մի քանի կտոր բանջարեղեն՝ ճաշին, և գուցե աղով կարտոֆիլ՝ ընթրիքին: Իսկ եթե օրը հաջող չէ, այս տեսակ ապրուստը կարող է անհնարին լինել:

«Եթե այսպես շարունակվի, մարդիկ կմահանան,- թերթի հետ զրույցում ասել է 23-ամյա Նինան, հետո ինքն իրեն ուղղել.- Մարդիկ արդե՛ն մահանում են»:

Թերթը գրում է, որ շրջափակումը դառնում է ճակատագրական և վերածվում է անընդհատ վատթարացող, և գերազանցապես աննկատ հումանիտար ճգնաժամի հենց Եվրոպայի շեմի վրա:

Թերթը նկատում է, որ իրավիճակը սրվել է Ուկրաինա ներխուժումից հետո: «Քանի դեռ աշխարհի հայացքը հառած է պատերազմի վրա, իսկ Ռուսաստանը շեղված է իր խաղաղապահ պարտականություններից, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները դարձել են անպատիժ»,- նկատում է հոդվածագիրը։

Խաղաղարարության Conciliation Resources կազմակերպության կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը թերթի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում պատերազմը «մեծապես թուլացրել է ռուսական հեգեմոնիան [Լեռնային Ղարաբաղում] և Ադրբեջանին լայն տարածություն է տվել այդ հեգեմոնիային մարտահրավեր նետելու համար»:

«Ադրբեջանը բացարձակապես օգտվում է այն փաստից, որ Ռուսաստանը զբաղված է այլ հարցերով, – թերթի հետ զրույցում ասել է Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թիմ Լոֆթոնը: – Ես կասկած չունեմ, որ դա Ադրբեջանի էթնիկ զտումների ծրագրի մի մասն է»:

Լոֆթոնը քննադատել է Միացյալ Թագավորության կողմից «կոշտ պատասխանի ակնհայտ բացակայությունը»՝ ընդգծելով, որ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանի շրջափակումը:

«[Մեծ Բրիտանիան] պետք է հստակ ակնարկի, որ առաջին, սա անընդունելի է, և երկրորդ, եթե ինչ-որ բան չարվի դրա դեմ, կլինեն հետևանքներ, որոնք կարող են սկսվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից», – ասել է նա:

Բրիտանիայի լռությունը պայմանավորված է տնտեսությամբ, շարունակում է հոդվածագիրը և բացատրում. Մեծ Բրիտանիան Ադրբեջանում խոշորագույն օտարերկրյա ներդրողներից է, իսկ British Petroleum-ը (BP) վերջին 30 տարվա ընթացքում այդ երկրում ներդրել է շուրջ 84 միլիարդ դոլար: «Կարծում եմ, որ այդ [առևտրային] շահերը ավելի գերակա են Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականության մեջ, քան այլ էթիկական և բարոյական հարցեր», – ասել է Բրոերսը:

Հոդվածագիրը նկատում է, որ այս պահին Ղարաբաղի ժողովրդի համար առաջնային խնդիր է գոյատևելը: Մինչ ամառը մոտենում է ավարտին, նրանք արդեն պատրաստվում են գալիք ցուրտ ամիսներին:

«Ուզում ենք մեր այգուց հավաքել ինչ կարող ենք ու պահել ձմռան համար,- ասում է Նինան։- Բայց ես գիտեմ, որ եթե ամառը ավարտվի, և իրավիճակը չբարելավվի… ապա մարդիկ շատ-շատ զայրացած կլինեն: Եվ մենք չենք պատրաստվում լուռ կանգնել ու սպասել, մինչ մեզ սպանում են»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031