Արցախի Հանրային Հեռուստատեսություն լրագրող Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես չգիտեմ, ով որ միջոցառումից ինչ լուսանկար է հրապարակել, բայց գիտեմ, որ 120 հազար մարդկային ճակատագրից ու պատմությունից 10 լուսանկար վերցնելն ու միջազգային բարձր ամբիոններում միայն դրանք ցուցադրելը, պնդելը, որ սուտ է, թե հումանիտար աղետ կա, մարդիկ ուրախ են ու երջանիկ, առնվազն ճիշտ չէ։
8 ամիս շարունակ մեր տեսախցիկի օբյեկտիվում շրջափակման դժվարությունները կրող արցախցիներն էին՝ իրենց հոգսերով ու առօրյայով։
Հրապարակված լուսանկարներում իրական Արցախն է, իրական Արցախի միայն մի փոքր մասը։
Կարդացեք նաև
1 տարեկան 3 ամսական Նարեն, որի մայրիկը մանկական կեր չի կարողանում գտնել։ Վրույրը, որն ավելի քան մեկ ժամ հացի հերթ է կանգնել, որ իր մայրիկի ու տատիկի ոտքերը երկար հերթ կանգնելուց հանկարծ չհոգնեն։ 14 տարեկանը Վարուժանը, ով իր և քույրերի համար քաղցրավենիք չի կարողանում գտնել։ Ստեփանակերտում ապրող Խաչատրյանների բազմանդամ ընտանիքը, որի 8 երեխայից 2-ը հաշմանդամ են, իսկ ընտանիքը անհրաժեշտ սնունդ և դեղորայք չի կարողանում գտնել։ Բազմազավակ մեկ այլ ընտանիքում երեխաները բացված խանութների և քաղցրավենիքի մասին են երազում, ավագները՝ օրվա հացը գտնելու։ Մանկապարտեզ հաճախող երեխաներ, որոնք արդեն ամիսներ շարունակ միրգը միայն նկարում են։ Սովամահության արձանագրված դեպք։ Վառելիքի բացակայության պատճառով հիվանդանոց ժամանակին չհասած և 6 ամսական երեխային կորցրած հղի կին։
Ու այս ամենն ընդամենը վերջին 2 ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի միայն մի մասն է։ Շրջափակման 8 ամսվա ընթացքում նման հարյուրավոր, գուցե հազարավոր պատմություններ ունենք։ Շրջափակման դժվարություններն անմիջական կրող մարդկանց, թերսնված երեխաներին, անզորության զգացում ունեցող ծնողներին ու ընդհանրապես այս ամենի դեմ լուռ պայքարող 120 հազար արցախցուն ամեն օր մենք ենք տեսնում։