Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ երջանիկ են, պարում են իրենց առիթների ժամանակ․ անհիմն են ցեղասպանության մասին կեղծ մեղադրանքները»․Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում

Օգոստոս 17,2023 13:01

«Պիտի կատեգորիկ հերքեմ ի սկզբանե բոլոր հիմնազուրկ մեղադրանքները շրջափակման, մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ, որոնք Հայաստանն է տարածում իմ երկրի դեմ»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

Նաև փորձեց համոզել, թե իբր այն, ինչ ՀՀ-ն փորձում է ներկայացնել որպես մարդասիրական խնդիր, իրականում «սադրիչ ու անպատասխանատու» քաղաքական արշավ է, որի նպատակն է սասանել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ «ՀՀ-ն է մոտ 30 տարի կոպտորեն արհամարհել ԱԽ չորս բանաձևերը, որոնցով պահանջվում էր անմիջապես և առանց պայմանների դուրս բերել օկուպացնող ուժերը Ադրբեջանի տարածքից։ Այս ամենի ֆոնին ՀՀ գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական կեղծավորության մարմնավորում։ ՄԱԿ-ի ԱԽ-ին ուղղված կոչն այդ արշավի մի մասն է՝ նպատակ ունենալով մանիպուլացնել ու ապակողմնորոշ միջազգային հանրությանը»։

Նա նշեց, թե իբր Ադրբեջանի իշխանությունների և Ստեփանակերտի, իր բնորոշմամբ՝ Խանքենդիի հայ բնակիչների համար հանդիպում էր համաձայնեցվել օգոստոսի 5-ին, որից վերջին պահին ՀՀ-ն հետ կանգնեց։ Հետո էլ պատմեց․ «Ադրբեջանը խնդրել է, որ ԿԽՄԿ-ն ներկայացնի անհրաժեշտ ապրանքների ցանկը և պատրաստակամություն հայտնել դրանց՝ տեղ հասցնելու հարցում։ ԿԽՄԿ-ն մեզ ասաց, որ հայկական կողմն Ադրբեջանից որևէ մատակարարում չի ցանկանում։ ՀՀ-ն աննախադեպ քայլի գնաց, երկակի նշանակության տեխնիկական և այլ ապրանքներ փորձեց տեղափոխել, ինչը հարված եղավ ԿԽՄԿ-ի հեղինակությանը և մարդասիրական մանդատին։ ՀՀ-ն հրաժարվեց ընդունել ԿԽՄԿ-ի՝ Բաքվում գտնվող բուժանձնակազմին, նրանք տեղակայվեն Խանքենդիում, որ օգնեն լուծել տեղում առկա խնդիրները։ ՀՀ-ի կողմից ԿԽՄԿ-ն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելը մի բան է ի ցույց դնում՝ ավելի շատ մանիպուլյացիաների հասնել։ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքն է, որտեղ էթնիկ հայերը համարվում են Ադրբեջանի քաղաքացիներ։ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ապահովելու այդ բնակիչների համար անհրաժեշտ ապրանքների հասանելիությունը և պատշաճ կենսական պայմաններ ձևավորել նրանց համար։ Այսպես կոչված Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ առանց որևէ արտատարածքային կարգավիճակի։ Դրա հիմնական նպատակն է ապահովել տեղաշարժը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանը թույլ է տվել, որ այդ ճանապարհով տեղաշարժ լինի։ Դա շարունակվում է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հետ իր սահմանին անցակետ տեղադրելուց հետո։ Սահմանային անցակետ է տեղադրվել, քանի որ Ադրբեջանն օգտվում է իր իրավունքից երաշխավորել իր ինքնիշխանությունը, կանխել ճանապարհի կոպիտ չարաշահումը ռազմական ճանապարհով»։

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցին՝ նա նշեց․ «Անհիմն են ցեղասպանության մասին կեղծ մեղադրանքները։ ՀՀ-ի մանիպուլյատիվ խաբեության արշավը՝ այդ թվում նաև Օքամփոյի՝ այսպես կոչված եզրակացությունը ունի հակասություններ։ Օքամփոյի կարծիքը հիմնավոր չէ, այդ մասին զեկույց է հրապարակվել։ Այն լիարժեք չէ և բազմաթիվ անճշտություններ է պարունակում։ Հիմք չկա պնդելու, թե ցեղասպանություն է կատարվում։ Այդ հակասությունները հիմնավորող զեկույցում նշված է, որ Օքամփոն օբյեկտիվ չի մոտենում փաստերին։ Նա չի հիշատակում, որ ՀՀ-ն է մերժել Ադրբեջանի առաջարկը այլընտրանքային ուղիներով օգնություն տրամադրելու մասին։ Սոցցանցերը լի են բազմաթիվ տեսահոլովակներով և լուսանկարներով՝ տեղաբնակ Խանքենդիում հայերի, որոնք ծննդյան տոներ և հարսանիքներ են նշում։ Նրանց ամենալավն ենք մաղթում մենք։ Այս լուսանկարային և տեսանկարահանումների փաստերը հերքում են պնդումները սովի տանջանքի և մարդասիրական ճգնաժամի մասի։ Մարդիկ երջանիկ են, պարում են իրենց առիթների ժամանակ»։

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սեդաթ Օնալն էլ հայտնեց, որ Թուրքիան «շարունակում է վճռականորեն աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին»։ Թուրքիայի ներկայացուցիչը նշեց․ «Մենք կարծում ենք, որ կա պատմական հնարավորություն տարածաշրջանում համապարփակ խաղաղության, կայունության և համագործակցության համար։ Այդ նպատակով մենք մեր հանձնառությունն ենք հայտնել Հայաստանի հետ լիարժեք կարգավորման գործընթացին և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մենք շարունակում ենք վճռականորեն աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին»։ Նա ընդգծեց, որ տարածաշրջանային կարգավորումը հնարավոր է ապահովել միայն երկխոսության և բարի կամքի միջոցով։ Նա մեղադրեց Հայաստանին «Լաչինի վերաբերյալ քաղաքական պահանջներ ներկայացնելու մեջ՝ օգտագործելով միջազգային հարթակները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031