Ադրբեջանցիները դիմում են հնարավոր բոլոր միջոցներին, որպեսզի աշխարհին ապացուցեն, որ Արցախում սով չկա, եւ մարդիկ ուրախ-զվարթ ապրում են: Օրինակ, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը սոցցանցերից նկարներ էր ցուցադրել՝ ասելով, որ Արցախում սոված չեն, եւ մարդիկ տորթ են ուտում:
Որոշ ադրբեջանցիներ էլ սկսել են տարածել DJ Արցախի՝ տարբեր տոնական միջոցառումներից արված տեսանյութներն ու լուսանկարները՝ իբր փաստելու համար, թե ինչ լիքը սեղանների շուրջ են միջոցառումներ կայանում Արցախում;
Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց DJ Արցախի հետ: Նա ասաց, որ բոլոր տեսանյութերն ու լուսանկարները հին են, նկարվել են Արցախի շրջափակումից առաջ: Նաեւ հավելեց, որ տեղյակ է թշնամու կողմից դրանց տարածվելու մասին՝ շեշտելով, որ Արցախը շարունակում է մնալ սովի ու խորը շրջափակման մեջ:
Սոցիալական հարթակներում նկարներ, տեսանյութեր եւ տեղեկություններ տեղադրելու վերաբերյալ գրառում է արել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը եւ նշել, որ Արցախում ինտերնետի հասանելիությունը հենց նրա համար է մինչև հիմա, որ թշնամին կարողանա օգտատերերի հաշիվների վարման վերլուծություն կատարել եւ դրանք ցանկացած պահի որպես փաստ օգտագործի Արցախի դեմ։
Կարդացեք նաև
«Ամեն մի նյութ, նկար տեղադրելուց առաջ, ձեզ մի պահ դրեք մեր թշնամու տեղը, ու ձեր նյութին նայեք որպես թշնամի։ Այ այդ ժամանակ կտեսնեք, թե դուք ինֆո տալիս եք ակամայից, թե ոչ․․ Զգույշ եղեք, որպեսզի չընկնեք նաև թշնամու քարոզչության թակարդը, նրանք ամեն ինչ անում են, որ մեր մեջ խուճապ տարածվի…»,-գրել է տարածաշրջանային հարցերով փորձագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ