Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակից վարորդներն առանձնահատուկ խախտումներ չեն ունեցել

Օգոստոս 17,2023 12:21

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհների սպասարկման խնդրին, նշելով՝ դա շատ լուրջ խնդիր է։

«Արդեն նախարարի հետ պայմանավորվել ենք, որ լրջորեն պետք է զբաղվենք դրանով եւ ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի։ Դա ճանապարհի կյանքը երկարացնելու մասին է, հետեւաբար պետական միջոցները խնայելու, պետության վարկանիշի, մարդկանց հարմարավետության եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին է խոսքը»,-ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո դեպքից անմիջապես հետո կառավարությունը փորձել է հասկանալ, թե ինչ կարող էին անել համապատասխան ծառայությունները վթարը կանխարգելելու համար․ «Առաջին միտքն այն էր, որ եթե օրինակ ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան էն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, որ ինչո՞ւ այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն։ Բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքներն իրավազոր են։ Ընդ որում, մենք նաեւ վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել։ Ոչ մի առանձնահատուկ բան չկա եւ չենք կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումների հակված են եղել։ Այնպիսի խախտումներ են եղել, որ յուրաքանչյուր վարորդի հետ անպայման տեղի կունենան՝ սահմանված արագություն 2 կիլոմետր/ժամ խախտելու համար են տուգանվել, կարմիր լույսի տակ գիծ են հատել։ Մեքենաներն ապահովագրված են, տեխնիկական զննումն անցած»։


«Հրապարակը» հրապարակել է վարորդներից մեկի՝ Մառլեն Մարգարյանի իրավախախտման մասին կազմված վարչական ակտի փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանի ասած մանր խախտումներից չէ։ Դեռևս 2017 թվականին Մառլեն Մարգարյանը տուգանվել է 100 հազար ՀՀ դրամով՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեքենա վարելու համար։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը զեկուցեց, որ այս պահին դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, որի արդյունքներից պարզ կլինի արդյոք խախտում արձանագրվե՞լ է, թե՞ ոչ․«Եթե խախտում արձանագրվի, ապա փորձագետը կասի, թե ով է մեղավոր»։

Փաշինյանն ասաց, որ կառավարությունում աշխատանքային խումբ է գործում, այն ուղղված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը բարձրացնելուն։ Այս աշխատանքային խումբը փորձում է վերլուծել վթարների պատճառները․ «Սեւ կետեր կոչված հատվածներն են դուրս բերվում, որտեղ վթարների հաճախ դեպքեր են գրանցվում, այդտեղ երթեւկության կարգն է փոխվում եւ այլն։ Այս աշխատանքը մենք պետք է անընդհատ անենք՝ անկախ նրանից այսպիսի մեծ ծավալի ողբերգության հետ առերեսվում ենք, թե՝ ոչ։ Իհարկե ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի։ Դեպքից առաջ ես առիթ եմ ունեցել խոսել ներքին գործերի նախարարի հետ այդ թեմայով։ Առավել եւս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը պետք է շատ ուշադիր լինի»։

Վարչապետի ներկայացմամբ՝ ՆԳ նախարարի հետ քննարկած խնդիրներից է եղել այն, որ օրինակ հին տարեթվի արտադրության բեռնատարները հաճախ հետնամասի զգուշացնող լույսեր չեն ունենում, եւ այլն․ «Սակայն Շիրակի դեպքը ճակատային բախում էր։ Հուսամ քննությունը այս բոլոր հարցերի պատասխանները կտա»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով 11 քաղաքացի է զոհվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Լանջիկ գյուղի մոտ վթարից զոհված «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի վարորդ Մառլեն Մարգարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031