Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել տարբերակ, որ չբացվի Լաչինի միջանցքը»․ ՄԱԿ-ում ԵՄ ներկայացուցիչ

Օգոստոս 17,2023 11:45

«ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում ԼՂ ինքնավար մարզում։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան ութ ամիս՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը՝ այն բացելու»,- ՄԱԿ-ի ԱԽ նիստում ահազանգեց ՄԱԿ-ում ԵՄ առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Սիլվիո Գոնզատոն։

Նա փաստեց՝ հունիսի 15-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը լիարժեքորեն խաթարվել է՝ բացառությամբ բժշկական նպատակներով տարհանումները․ «ԼՂ բնակչությունը ծայրահեղ պակաս ունի անհրաժեշտ պարագաների։ Պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի բացակայությունը տեղական բնակչության համար լուրջ հետևանքներ կարող է առաջացնել։ Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական մատակարարումների լիարժեք վերականգնում։ Մարդասիրական առաքելությունը չպետք է քաղաքականացվի որևէ նպատակով։ Անմիջապես պետք է վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եռակողմ համաձայնությանը համապատասխան և Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ՝ կողմերը պարտավորություն են կրում ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն՝ ապահովելու քաղաքացիներին անհրաժեշտ ապրանքներով ապահովումը՝ նաև Աղդամի ճանապարհի միջոցով։ Բայց, այնուամենայնիվ, սա չպետք է դիտարկել տարբերակ, որ չբացվի Լաչինի միջանցքը»։

Անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին՝ ԵՄ ներկայացուցիչն ասաց․ «Անցյալ ամիսներին ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ամենօրյա կրակոցներ են եղել։ ԵՄ-ն դիտորդական առաքելություն է իրականացնում ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին և հաղորդում է իրավիճակի մասին տվյալներ։ Մենք բոլոր կողմերին կոչ են անում խուսափել հետագա պատահարներից և վերադառնալ խաղաղության։ Ցավոք, ներկայիս վատթարացող մարդասիրական իրավիճակը ղարաբաղյան հայերի համար վնասում է խաղաղության գործընթացը։ Պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն վստահության ձևավորման նպատակով։ ԵՄ-ն շարունակում է լիարժեք հանձնառու լինել դյուրացնելու երկու կողմերի երկխոսությունը, ապահովելու տևական խաղաղություն ի նպաստ և ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության համար»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031