Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախությունից գոռում էր․ «Մամա՜, դեղս գտել եմ, մի 10 օրով էլ կյանքս երկարեց. Արցախցի մայրերը պատմում են իրենց խնդիրների մասին. JAMnews

Օգոստոս 17,2023 11:41

JAMnews. Ի՞նչ է կատարվում անցյալ տարվա դեկտեմբերից շրջափակման մեջ գտնվող Արցախում, ինչպե՞ս են մարդիկ գոյատևում հունիսի 15-ից հետո, երբ Բաքուն արգելեց բոլոր տեսակի մարդասիրական բեռների մուտքը։ Ի՞նչպես են տեղացիները պատկերացնում իրենց ապագան ստեղծված իրավիճակում։

Նարինե Դանիելյան. «Կռու պոպոքի նման փորձում ենք մեզ ձիգ պահել»

-Տղաներիցս կրտսերը 3, միջնեկը՝ 4, ավագը՝ 10 տարեկան է: Ավագ որդիս՝ Կարոն, մի շարք քրոնիկ հիվանդություններ ունի. էպիլեպսիա, շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի գործունեության խնդիր։

Նրան պարբերաբար նեղ մասնագիտական բուժման կուրսեր են պետք, ինչի համար հաճախ ենք ստիպված լինում դիմել Երևանի բժիշկների օգնությանը։ Այստեղ նման մասնագետներ չկան:

Շրջափակման ընթացքում Կարմիր խաչի օգնությամբ երեք անգամ հիվանդ տղայիս հետ եկել եմ Հայաստան՝ հիվանդանոց, ու վերադարձել: Գլխիս գալիքն իմանալով՝ ամեն Երևան գալուց մի քիչ ավելով էի առնում երեխու դեղերը: Ինքս ինձ ասում էի՝ մինչև այսքանն օգտագործեմ, Աստված մի դուռ կբացի։

Ինձ շատերն են ասում՝ Կարոյի խնդիրները գիտես, ինչո՞ւ ես հետ եկել, մնայիր Հայաստանում: Այստեղ որդուս անհրաժեշտ դեղերը մինչ այս էլ դժվար էին ճարվում, հիմա դրանք ուղղակի չկան:

Երբ դեղերը չենք ունենում, էպիլեպսիայի ցնցումները հաճախանում են, երեխան դառնում է անկառավարելի։ Իսկ արյան մեջ շաքարի քանակի կտրուկ տատանումների դեպքում ուշաթափվում, կոմայի մեջ է ընկնում:

Անցած անգամ Կարոյիս դեղերից մեկը պատահական դեղատան հետին դարակներից մեկում ինքը նկատեց: Ուրախությունից գոռում էր․ «Մամա՜, դեղս գտել եմ, մի 10 օրով էլ կյանքս երկարեց»:

Դժվարությունները շատ են, բայց ղարաբաղցու ասած՝ կռու պոպոքի նման փորձում ենք մեզ ձիգ պահել:

Արցախում միայն ձմերուկն է շատ: Կաթնամթերք, կարելի է ասել, գոյություն չունի. միայն մի տեղ է, այն էլ ահավոր հերթեր են: Պետք է գնաս մի օր հերթագրվես, հաջորդ օրն էլ կենդանի հերթում կանգնես, որ գնես:

Խանութներում միայն թանկանոց վիսկիներ են մնացել ու համեմունքներ: Համեմունքը վերցնեմ, ի՞նչ պատրաստեմ:

Այսօր Արցախում ողջ մնալու կռիվ է, մարդիկ մտածում են՝ ինչպե՞ս ողջ մնան: Աշխարհը չի հավատում, որ Արցախում սով է, բայց այստեղ իրոք սով է: Պոմիդորն այսօր կա՝ ուտում ենք, բայց մեկ ամսից այդ բերքն էլ չի լինի:

Մենք բոլորս հայ ենք, հայաստանցի, թե ղարաբաղցի: Մենք միասին ենք ուժ: Հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պետք է համախմբվենք ու փորձենք ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031