Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը տանք ռուսին, որ հանգիստ ապրենք» բանաձևն այլևս չէր աշխատում: Սկսվեց «Արցախը ճանաչենք Ադրբեջան, որ հանգիստ ապրենք» փուլը. Իզաբելլա Աբգարյան

Օգոստոս 17,2023 11:16

Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքական դիվանագիտությունը, որը կրկնում է իր կրտսեր եղբայրը, դարերով չի փոխվել:

Ժպտալով, կառուցողական ներկայանալով աշխարհին՝ մեջքի հետևում քար պահել ու, իբր երկխոսության պատրաստակամությամբ, ժամանակ շահել, իր օգտին մեզանից հայտարարություններ կորզել՝ պատրաստվելով մեզ հասցվող հերթական հարվածին:

Նույնը տեղի ունեցավ և ունենում է 44-օրյա պատերազմից հետո:

Ուժի չկիրառման հիմնարար սկզբունքը խախտելու, «կոնֆլիկտը չունի ռազմական լուծում» միջնորդ երկրների տարիների պնդումը մի կողմ դնելով, պատերազմական հանցագործությունների մասին լռելով, Հայաստանը խոսեց հարաբերությունների կարգավորումից, բացվող ճանապարհներից սպասվող օգուտներից՝ խաղաղության օրակարգ կախելով մեր ականջներին, հույսեր առաջացնելով ժողովրդի մոտ, որ Արցախի հարցը կարելի է լուծել «անջատում հանուն փրկության» բանաձևով, իսկ մենք այդ ընթացքում առևտուր կանենք, կզարգանանք, Սինգապուր կդառնանք: Ու այս ամենը, երբ դեռ տղաների մարմիններն էին տեղափոխվում Հայաստան …
Ի՞նչ հույսով: «Արցախով ռուսը կզբաղվի, իրա բազան կդնի, մենք էլ թուրքերի հետ կկարգավորենք մեր հարաբերությունները»:

Այլ կերպ ասած՝ «Արցախը տանք ռուսին, հանգիստ ապրենք» սկզբունքն էր թևածում:
Բայց աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվեց, ռուս-ուկրաինական պատերազմ սկսվեց և Ռուսաստանը թուլացավ, աշխարհի կողմից մղվեց անկյուն:

Արևմուտքն էլ հստակ հասկացրեց, որ ռուսական վերահսկողությամբ միջանցք չի հանդուրժի, ավելին, բնականաբար կփորձի տարածաշրջանում առնվազն թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը:
«Արցախը տանք ռուսին, որ հանգիստ ապրենք» բանաձևն այլևս չէր աշխատում: Սկսվեց «Արցախը ճանաչենք Ադրբեջան, որ հանգիստ ապրենք» փուլը…

Հայաստանից կորզվեցին տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ժողովուրդների ինքնորոշման՝ ամբողջականությանը հավասարազոր սկզբունքը անորոշ՝ «արցախցիների անվտանգության երաշխիքների» հայտարարություններով, Արցախը վերցվեց պատանդ, որ սովից ու անճարությունից հանձնվի:

Ժամանակը շահեցին, պատերազմին գործած ոճիրները մարսեցին, հարաբերությունները կարգավորելու դիմակի տակ ինչն իրենց էր պետք, այն էլ կորզեցին՝ բացառությամբ Զանգեզուրի միջանցքի, որն Արևմուտքը պահեց՝ իր շահերից ելնելով:

Ունենք այն, ինչ ունենք: Ջուրը չտեսած՝ կոշիկներս հանեցինք ու մտանք … կրակի մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031