«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ում մարդասիրական իրավիճակով։ Մենք խստորեն մտահոգված ենք, որ փակված է Լաչինի միջանցքը, առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը ընդհատված է և ծանրացել է մարդասիրական իրավիճակը»,- ՄԱԿ-ի ԱԽ նիստում ահազանգեց ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Նա, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, ասաց․ «Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել միջանցքի ազատ տեղաշարժը առևտրային, մարդասիրական և անձնական տրասնպորտային միջոցների համար։ Դրանք պետք է հասնեն ԼՂ։ Պետք է հնարավոր փոխզիջումների գնալ։ Պետք է դիտարկել մարդասիրական մատակարարումների հարցում այլընտրանքային ուղիներ ևս։ Չեզոք, անկողմնակալ, մարդասիրական հասանելիությունը չպետք է խոչընդոտվի»։
ԱՄՆ ներկայացուցիչը նշեց՝ անհրաժեշտ է, որ կողմերը շարունակեն բանակցությունները՝ միտված տևական, խաղաղ լուծման, պետք է հարաբերությունները նորմալացնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև․ «Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը լինեն ճկուն, գնան փոխզիջումների։ Խաղաղությունը տարածաշրջանում պետք է ներառի պաշտպանություն ԼՂ-ում բնակվող անձանց իրավունքների և անվտանգության։ ԱՄՆ-ն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, և կողմերին կոչ ենք անում լիովին հարգել իրենց հանձնառությունները միջազգային պարտավորությունների ներքո»։
Դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց՝ աջակցում են ցանկացած ձևաչափի, որը թույլ կտա ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին ուղղակի երկխոսության միջոցով հասնել հակամարտության լուծման՝ այդ թվում Բաքվի պաշտոնատար անձանց և ԼՂ բնակչության ներկայացուցիչների միջև երկխոսության միջոցով։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագային Հարավային Կովկաս տարածաշրջանի համար»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ