«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չառաջարկել Աղդամի ճանապարհի տարբերակը։ Այն չպետք է դիտարկել Լաչինի միջանցքի բացման այլընտրանք»,-ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարեց Մալթայի ներկայացուցիչը։
Նա կարևորեց, որ երկու կողմերը հաշտության հասնեն միջազգային մարդասիրական նորմերի հիման վրա․ «Պետք է վերականգնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքը, կառուցողական երկխոսությունը ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելով տարածաշրջանի բնակչության անվտանգությունը»։
Նա նշեց, որ Մալթան հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ-ի, ԵՄ-ի կողմից իրականացվող ջանքերին․ «Չկա առաջ շարժվելու որևէ այլ կենսական ճանապարհ, քան համագործակցությունը։ Մալթան վերահաստատում է Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը, մարդկանց, փոխադրամիջոցների երկկողմանի երթևեկման ապահովումը Լաչինի միջանցքով։ Սա կլինի միայն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հիմքը»։
Չինաստանի ներկայացուցիչը կոչ արեց կողմերին Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը լուծել երկխոսության, քննարկումների ու խորհրդակցությունների միջոցով․ «Հույս ենք հայտնում, որ կողմերը հավուր պատշաճի կլուծեն խնդիրները։ ՀՀ-ն և Ադրբեջանը հարևաններ են, ուստի երկու երկրների հիմնական շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհը՝ համագործակցության միջոցով։ Կոչ ենք անում ՀՀ-ին և Ադրբեջանին շարունակել բավարար զիջումների գնալ՝ համատեղ հայտարարությունների հիման վրա և այն ջանքերի հիման վրա, որոնք գործադրվել են նախկինում երկու կողմերի՝ այդ թվում ՌԴ-ի միջնորդությամբ հավուր պատշաճի լուծելու վեճերը՝ միջազգային մարդասիրական նորմերին համահունչ»։
Կարդացեք նաև
Միացյալ Թագավորության ներկայացուցիչը կարևորեց Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարումը՝ ապահովելով Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը․ «Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով իրականացնել մարդասիրական առաքելություն՝ այդ թվում Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ