Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ունի խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մեծ փորձ` հատկապես ռազմագերիների նկատմամբ. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»

Օգոստոս 17,2023 10:23

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:

 – Նախօրեին` առաջին անգամ Արցախում գրանցվել է սովամահության դեպք: Իրավիճակը, փաստորեն, դուրս է եկել վերահսկողությունից:

– Այո: Մահացած տղամարդը 40 տարեկան էր: Ընդհանուր առմամբ, սոցիալական ծանր պայմաններում է նա եղել: Բավականին երկար ժամանակ սնունդ չի ընդունել եւ մահացել է թերսնուցման հետեւանքով: Տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, հարազատները շտապօգնություն են կանչել, դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը մահացել է սովից: Այս հարցում մեր մեկնաբանելու հնարավորությունը փոքր է, քանի որ, նախ, հարազատների հետ պետք է նույնականացնենք անձի ինքնությունը, համակարգենք եւ նոր միայն խոսենք այդ մասին:

– Վագիֆ Խաչատրյանին 2 շաբաթ առաջ ազերիները Կարմիր խաչի մեքենայից առեւանգեցին: Ի վերջո` ի՞նչ ճակատագրի է արժանացել արցախցի տղամարդը, որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում է գտնվում: Ինչպե՞ս են նրա հետ վարվում ադրբեջանցիները: Ունե՞ք տեղեկություններ այդ մասին:

– Հավանաբար տեղեկացված եք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել, հայկական կողմը տեղեկություն է պահանջել տղամարդու մասին, ինչպես նաեւ՝ նրա գտնվելու վայրի, առողջական վիճակի եւ հայրենադարձության հնարավորության մասին, եւ Ադրբեջանն օրեր առաջ պատասխանել է հայկական կողմին, որը կոմունիկացվել է: Ադրբեջանը տարբեր փաստաթղթերով դատարանին նշել է, որ բժշկական հետազոտություններ են իրականացրել, թե իբրեւ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկների վերահսկողության տակ է գտնվում, անգամ ցույց են տվել նկարներ, թե ինչպես է բուժում ստանում վերջինս: Սակայն մի կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնել` Ադրբեջանն ունի խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մեծ փորձ` հատկապես ռազմագերիների նկատմամբ: Ի դեպ, այդ փաստերն արձանագրել են նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ: Ցավոք սրտի, հստակ չենք կարող հասկանալ, թե ինչ վիճակում է իրականում Վագիֆ Խաչատրյանը: Դրանից առաջ էլ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվել էր Ռաշիդ Բեգլարյանը: Ադրբեջանի դատարաններում մեր հայրենակիցները տարատեսակ մեղադրանքների առաջ են կանգնում, եւ իսկապես հայտնի չէ, թե հիմա նրանք որտեղ եւ ինչ պայմաններում են ապրում:

– Ինչո՞ւ հայկական կողմը հավուր պատշաճի չի արձագանքում Ադրբեջանի տեղեկատվական գրոհին: Այդ բեռը, կարծես, անհատների, օրինակ, Ձեր ուսերին է մնացել:

– Ամեն դեպքում, լայնածավալ աշխատանքներ տարվում են, գերիների վերաբերյալ զեկուցումներ են իրականացվում: ՄԻՊ հաստատությունների գործիքակազմը կիրառում ենք:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031