Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը․ գնահատականներ

Օգոստոս 17,2023 09:21

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հասարակական ու քաղաքական գործիչները գնահատականներ են հրապարակում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հնչած ելույթներին։ Ներկայացնում ենք մի քանի գրառումներ

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյան․ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում հնչած ելույթներում երբեք չարտահայտվեց «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» ձևակերպումը։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Նրա համար, որ բոլոր-բոլորը Արցախում տեղի ունեցողը համարում են արդեն ընդամենը հումանիտար խնդիր, կոպիտ ասած, հազար ներողություն, ազգությամբ հայ ադրբեջանցիների հումանիտար խնդիր։ Ու քանի որ բոլորն այդպես են ցույց տալիս իրենց ընկալածը, ապա բոլորին նաև ընդունելի է դառնում, որ հումանիտար այս խնդիրը ինչ-որ ձևով պիտի լուծում ստանա՝ այդ թվում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մտցնելով. կոչեր շատ եղան ԿՈՂՄԵՐԻՆ՝ չքաղաքականացնել հումանիտար օգնության հատկացումը։

Դա նշանակում է, որ նաև հայկական կողմն է «քաղաքականացնում»։ Առաջին հայացքից այս պատկերը կդիտվի էսպիսին. դե, ինչ արած, փաստորեն ամբողջ աշխարհն է խնդիրը դիտարկում որպես զուտ հումանիտար, որպես «ազգությամբ հայ ադրբեջանցիների» հումանիտար խնդիր, ամբողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս ու ամբողջ աշխարհը համաձայն կլինի, որ հումանիտար աղետը կանխվի՝ լինի Լաչինի միջանցքը գործարկելով, թե լինի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը գործարկելով։

Մինչդեռ այստեղ պիտի հնչեցնել մի շատ կարևոր հարց. իսկ էդ երբվանի՞ց աշխարհը սկսեց հարցը էդպիսին հասկանալ։ Պատասխանը հետեւյալն է. էն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության անունից Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, երբ Հայաստանի Հանրապետության անունից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը մատուցվեց որպես Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության խնդիր։ Ու էդ կետը նոյեմբերի 9-ը չէր, երբ «խեղճ Նիկոլի ջեբը գցեցին պարտությունը»։ Նոյեմբերի 9-ին էս իրավիճակը չկար։ Համանախագահ երկրները ԼՂ կարգավիճակից էին խոսում դեռևս։

Այո’, անասելի դժվար, բայց դեռ կա հնարավորություն՝ իրավիճակը քիչ թե շատ շտկելու. դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հարցը «ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցի» կարգավիճակից «ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցի» կարգավիճակ տեղափոխելը։ «Հայաքվեի» նպատակի բովանդակությունը սրան է հանգում։ Ու որոշ ճիճուներ, ում մասին չեմ բարձրաձայնում՝ իրենց ճիճվի կարգավիճակի գործոնայնությունը չբարձրացնելու համար և ովքեր ձգտում են Նիկոլի հովանոցի ներքո ինչ-որ տեղ տեղավորվեն ու «Հայաքվեն» թիրախավորելով են ինքնահաստատվում, թող լավ իմանան իրենց արկածախնդիր խոսքի ու գործի հետևանքը իրենց իսկ ճակատագրի վրա։

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյան․ ՄԱԿ ԱԽ նիստում Հայաստանի արտգործնախարարի ելույթում հիմնախնդիրը հիմնականում հումանիտար տեսանկյունից էր ներկայացվում։ Ու զուրկ էր քաղաքական փաստարկներից, ինչը չի նշանակում, թե նման փաստարկներ չկան։ Կան, զորեղ փաստարկներ կան։ Պարզապես մոտեցման ու դիրքորոշման խնդիր կա։ Քաղաքական կամքի խնդիր կա։

Մեկ այլ խնդրի մասին։ Մեծ խելք պետք չէր՝ հասկանալու համար, թե ինչ փաստարկներ է բերելու ադրբեջանական կողմը։ Ու կարելի էր օգտվել առաջինը ելույթ ունենալու հնարավորությունից ու էն գլխից չեզոքացնել դրանց զգալի մասը։

 

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյան․ Որևէ մեկը չի վիճարկում, որ յուրաքանչյուր երկիր իր շահն ունի և ՄԱԿ ԱԽ նիստում առավել ցցուն երևաց, թե Արցախի հարցում Հայաստանը որքան մենակ է։

Բայց հարցը ոչ դաշնակից Ռուսաստանն է, որը Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ 44-օրյա պատերազմը սանձազերծելով Հայաստանին զրկեց նվազագույն  պաշտպանունակությունից, որը պատերազմից հետո, չնայած ռուսական ռազմաբազայի, սահմանապահների առկայությանը Հայաստանի տարածքում, պարզվեց չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ ԱՄՆ-ն է, որը չնայած իրավապայմանագրային անհրաժեշտ հիմքի բացակայությանը ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար անում է առավելագույնը՝ կրկին իր շահերից ելնելով, ոչ նույնիսկ Ֆրանսիան, Բրազիլիան ու Ալբանիան, որոնց հետ տևական աշխատանքի հնարավորություն ենք բաց թողել։

ՄԱԿ ԱԽ այսօրվա նիստը ՀՀ արտաքին քաղաքական կուրսի մեջ որևէ սրբագրում անելու սկիզբ, մեկնարկ պիտի դառնա՞, թե՞ ոչ։

Ռուսաստանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ այլևս անթաքույց ասում է, որ մեր հակառակորդի հետ հակամարտության կողմ է։

Իսկ մենք ի՞նչ ենք անում։

Դաշնակիցների և գործընկերների այս խեղճ պատկերով, կամազուրկ ու վախեցած անգործության մատնված Հայաստանն ի վիճակի չի լինելու ոչ միայն Արցախի, այլև իր անվտանգությունն ապահովել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031