Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն ու անմիջապես վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումը»․ Ֆրանսիայի ներկայացուցիչ ՄԱԿ-ի ԱԽ-ում

Օգոստոս 17,2023 00:27

«Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակում է Արցախի բնակչությանը մեկուսացնել աշխարհի մնացած մասից՝ առանց որևէ իրավաչափ պատճառի»,- ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում հայտարարեց ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Նատալի Բրոդհերսթը։

Նա փաստեց՝ Ադրբեջանի այդ վարքագիծը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքների սկզբունքներին․ «Այդ իրավիճակը՝ գումարած գազամատակարարման, էլեկտրաէներգիայի խափանումները, ջրային պաշարների սպառումը, վառելիքի անբավարարությունը, որն այժմ արդեն հասնում է մարդասիրական իրավիճակի ճգնաժամի։ Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական օգնության, ուղեբեռի ազատ տեղաշարժի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին։ Խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի գործունեությունը։ Դա անընդունելի է։ Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն ու անմիջապես վերականգնել ապրանքների, մարդկանց, պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, ապահովի գազամատակարարումը և էներգամատակարարումը»։

Նատալի Բրոդհերսթը կոչ արեց, որ Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը։

Ալբանիայի ներկայացուցչի ելույթում կային մի շարք խնդրահարույց դրույթներ։ Նա նշեց․ «ԱԽ նախորդ նիստից ի վեր դրական ու ոգևորող զարգացումներ կան։ Ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ-ի միջև նորմալացման գործընթացը, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ»։Այնուհետև ասաց, որ ուշի ուշով հետևում են Լաչինի միջանցքում իրավիճակին․ «Գիտենք, որ այս հարցով երկու երկրների դիրքորոշումները տարբեր են։Այս տարվա հունվարից օգոստոս 60 նամակ են երկու կողմերն ուղղել ԱԽ-ին։ Յուրաքանչյուրն իր պատմությունն է ձևավորում իրավիճակի վերաբերյալ»։

Հետո նա հնչեցրեց «հայկական ծագում ունեցող Ադրբեջանի քաղաքացիների» խնդիրները և դրանք լուծելու համար առաջարկեց դիտարկել նաև «Աղդամից Խանքենդի ճանապարհի հնարավորությունը»։

Նա նաև կողմերին կոչ արեց․ «Կոչ ենք անում ուղղակի քննարկումներ կազմակերպել Ադրբեջանում հայկական համայնքի և նրա կառավարության միջև»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031