Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» վիպակ-էսսեում (1978թ.) կա այսպիսի մի դրվագ. hայերը Մոսկվայի փողոցում հանդիպում են ճղած կոշիկներով մի աղջկա, նրան տանում են խանութ եւ ամենալավ կարմիր կոշիկն են առնում: Ներկաները զարմանում են եւ փնթփնթում, իսկ վիպակի հերոսն այսպես է մեկնաբանում իրենց արարքը. «Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չլինի, այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերը»:
Այդ հերոսը, որի անունից ներկայացվում են իրադարձությունները, իրեն նույնականացնում է որոշակի պատմություն եւ արժեքներ ունեցող ազգի հետ: Այժմ դա կոչվում է «խորհրդահայ հայրենասիրություն»: Թերեւս այդ ՝ 1960-70-ական թվականներին ընդունված մոտեցումներն ունեն իրենց թերությունները: Բայց եկեք հասկանանք, թե ո՞րն է ավելի սարսափելի՝ ունենալ այդ, թեկուզեւ թերի, ինքնությո՞ւնը, թե՞ լինել խոտ, կամ, լավագույն դեպքում՝ գորշ զանգված, որը զուրկ է անցյալից, հիշողությունից, նպատակից եւ անգամ վշտակցելու սովորական կարողությունից:
Այդ հարցն արդիական է այսօր, երբ մենք կանգնած ենք նոր ցեղասպանության շեմին, երբ, շատ հնարավոր է, շուտով կհայտնվեն տասնյակ հազարավոր գաղթականներ, որոնց «հարազատ» պետությունը պատրաստ չէ ընդունել (ամբողջ գումարը ծախսվել է Սնուփ Դոգի վրա): Բայց հասարակությունը որեւէ պահանջ չունի այդ պետության ղեկավարությունից: Հակառակը՝ հասարակության մեծամասնության ուղեղն այնքան է լվացած, որ Արցախում կատարվող ողբերգությունը մի մասի մոտ առաջացնում է «բավարարված վրեժխնդրության» նման մի զգացողություն: Դա, իհարկե, տարիների, կասեի՝ տասնամյակների նպատակաուղղված աշխատանքի արդյունք է: Նույնիսկ հիմա, երբ մարդիկ, բառիս ուղիղ իմաստով սովամահ են լինում, այդ հակաարցախյան վայրագ քարոզչությունը շարունակվում է, եւ այդ քարոզչությունը հսկայական սպառում ունի:
…ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հավաքվում են ոչ թե մարդիկ, այլ պետությունների ներկայացուցիչներ: Այնպես չէ, որ նրանք իրականությունը չգիտեն՝ 21-րդ դարում դա գործնականում բացառված է: Բայց, իրենց երկրների շահերով առաջնորդվելով, նրանք կարող են ձեւ անել, որ հավատում են Ադրբեջանի ստերին: Իսկ թե ինչով են առաջնորդվում այսօր հակաարցախյան քարոզով զբաղվողները՝ նույնպես հայտնի է:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խոտ առաջնորդի շուրջը խոտ հասարակություն է ակտիվանում, մանրախնդիր ու հիշաչար առաջնորդը ձգտում է հասարակությանն էլ այդպիսին դարձնել։