Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարևոր է, որ մարդասիրական օգնության մատակարարումը հնարավոր լինի որևէ հնարավոր ուղիներով վերսկսել»․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Օգոստոս 16,2023 23:55

Այս պահին ընթանում է Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի և Թուրքիայի, ԵՄ-ի ներկայացուցիչներ։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի Գործառնությունների և շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Էդեմ Վոսորնուն տեղեկացրեց․ «Գրասենյակը ներկայումս հնարավորություն չունի անկախորեն ճշտելու տեղեկություններ, որոնք վերաբերում են մարդկանց կամ ապրանքների տեղափոխումն այն ուղիներով, որոնց թվում է Լաչինի միջանցքը։ Կան տեղեկություններ միայն ռուս խաղաղապահների տեղակայման վայրերից։ Մենք ընթացիկ զեկույցների հիման վրա տեղյակ ենք այս հարցերին՝ այդ թվում նաև պարենի ու դեղորայքի անբավարարության մասին, տեղյակ ենք, որ խաթարված է էներգամատակարարումը։ Տեղյակ ենք, որ առողջապահական կարևորագույն ծառայություններ ընդհատվել են, այդ թվում վիրահատությունները»։

Նա փաստեց՝ Կարմիր խաչի՝ իրենց փոխանցված տեղեկություններով՝ նրանք չեն կարողացել մարդասիրական օգնություն տեղափոխել Լաչինի միջանցքով, հասցնել քաղաքացիական բնակչությանը կամ որևէ այլ ուղինով՝ այդ թվում Աղդամով արդեն մի քանի շաբաթ։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչն արձանագրեց․ «Մարդասիրական իրավունքը հստակ է․ կողմերը պարտավոր են թույլ տալ ու ապահովել մարդասիրական օգնության արագ ու անխոչընդոտ անցումը։ Կողմերը պարտավոր են ապահովել մարդասիրական օգնության տեղափոխող անձնակազմի ազատությունը։ Կարևորն այն է, որ անցումը լինի հնարավորինս արագ, ուստի խիստ կարևոր է, որ Կարմիր խաչի մարդասիրական օգնության մատակարարումը հնարավոր լինի որևէ հնարավոր ուղիներով վերսկսել»։ Նա շեշտեց՝ այս առումով պետք է մնայուն լուծում գտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև շեշտեց՝ մարդասիրական որևէ օգնություն չպետք է քաղաքականացվի։

Այնուհետև հայտարարություններ արեցին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները։ Գաբոնի ներկայացուցիչը կարևորեց, որպեսզի ապահովվի, որ Բրյուսելում ընթացող քննարկումները հաջողություն ունենան, նրա կարծիքով՝ կողմերը պետք է պատասխանատու մոտեցում ստանձնեն․ «Չպետք է ռազմական սպառնալիք օգտագործել կամ ատելության խոսք ու ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել»։

Բրազիլիայի ներկայացուցիչն ասաց․ «Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական իրավիճակի վատթարացմանը։ Հունիսից փակված է ճանապարհը մարդասիրական օգնության համար։ Պետք է անպայման հաշվի առնել մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Ներկայիս պատային իրավիճակի պահպանումը սպառնում է հազարավոր մարդկանց կյանքին։ Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտ մարդասիրական օգնության հասանելիությունը՝ այդ թվում Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնարավորությունը»։

Բրազիլիայի ներկայացուցիչը կոչ արեց կողմերին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի դրույթներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031