Լրահոս
Օրվա լրահոսը

«Երիտասարդ կինն ինքնասպան է եղել, քանի որ իրեն է մեղավոր համարել իր երեխայի մահվան մեջ»․ վերլուծում են հոգեբանները

Օգոստոս 16,2023 22:00

Գյումրու թիվ 2 գերեզմանատանը երեկ տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է հասարակությանը․ շատերն այն կարծիքին են, որ ինքնասպանություն գործած 33-ամյա կինը, որն այդ քայլին էր դիմել իր 7-ամյա որդու՝ տան պատշգամբից պատահաբար ընկնելուց ու մահանալուց ուղիղ մեկ ամիս հետո, հասարակության անտարբերության զոհն է։

Շատերը վստահ են, եթե նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերվեր, նա չէր գնա այդ քայլին։

Շիրակի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը ևս գտնում է, որ կնոջ ողբերգական մահվան մեջ ինչ-որ տեղ մեղավոր են իրենք ՝ հոգեբանները և հասարակությունը։

«Հասարակությունը պիտի զգայուն լինի նման մարդկանց նկատմամբ, պիտի գործեն այնպիսի կառույցներ, որոնք զբաղվեն ազգաբնակչության նման շերտի հոգեկան առողջությամբ և հոգեկան հիգիենայով։

Մայրը իր վշտի հետ մնացել է մենակ․ նա իրեն է մեղավոր համարել իր երեխայի մահվան մեջ, ու չի եղել մեկը, որ իրեն դուրս բերեր որդու հետ ունեցած տանջալի շղթայից։

Հին հայերը մտածում էին՝ կյանքը իր ճանապարհով, մահը՝ իր։

Ինչ-որ հնարքներով նրան անհրաժեշտ էր դուրս հանել այդ վիճակից, կլինեին ժողովրդական հնարքներ կամ հոգեբանական, անհրաժեշտ էր այնպես անել, որ նրա համար կյանքը դառնար տանելի։

Նա երկտող է թողել , որտեղ երկխոսություն է եղել իր որդու հետ, ոչ թե իր հարազատների կամ հարևանների, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն մասին, որ հասարակությունն անտարբեր է եղել իր նկատմամբ, ինքն օտարացած էր, իր մեծ վշտի մեջ՝ միայնակ։

Իր խոսակցությունը որդու հետ այնքան փակ է եղել, որ ոչ ոք չի մասնակցել դրան, և ինքը գնացել է այդ ճանապարհով։ Ցանկացած երկտող ամփոփում է իր կատարած գործողության իմաստը։ Իրոք կա մեր մեղավորությունն այս կնոջ հարցում․ եթե հոգեբանները չմիջամտեին, այսօր պատերազմից զոհվածների ծնողները նորից զավակներ չէին ունենա, կյանքը չէին վերաիմաստավորի։ Այստեղ նաև մասնագիտական աշխատանք է տարվում, ինչը չի արվել ինքնասպանություն գործած մոր դեպքում։

Այսօր ընտանիքները շատ են թուլացել, ընտանիքների հզորացման բաղադրիչներ են անհրաժեշտ»,- ասում է Կարինե Սահակյանը։

Հոգեբան Աշոտ Հակոբյանը, սակայն, գտնում է, որ կինը իմաստավորել է իր մահը, և մեզ՝ ապրողներիս է երկտող թողել, ոչ թե իր մահացած որդուն։

Իսկ եթե մարդն իմաստավորում է իր մահը, այս դեպքում որևէ սոցիալական միջավայր դժվար թե կարողանա կանխել նրա մտադրությունը․ նման ողբերգություններից յուրաքանչյուրն անհատական դրսևորում է ունենում։

Ըստ նրա, եթե մարդիկ ապրում են,հավատում են կյանքի իմաստին, մահը ևս իմաստավորված պետք է լինի, տվյալ դեպքում կինը հավատացել է մահվան իմաստին։

«Ենթադրենք հայ հասարակությունն է անտարբեր, բա Արևմտյան որևէ երկրի՝ օրինակ ասենք՝ Շվեդիայի հասարակությո՞ւնը, որտեղ ինքնասպանության հետևանքով մահացության ցուցանիշը պակաս չէ»,-ասում է հոգեբանը։

Ըստ Աշոտ Հակոբյանի, յուրաքանչյուր ինքնասպան լինող անձ ինչ-որ կերպ տեղեկացնում է իր մտադրության մասին, միայն թե հասկանալ է պետք։

«Սուիցիդալոգիայի դրույթներից մեկն այն է, որ մարդն ինքնասպանությունից առաջ այս կամ այն կերպ հայտնում է իր մտադրության մասին, թեկուզ դրսևորած վարքագծով ու այդ կերպ հայտնում է իր փոքրիկ միջավայրին։ Եթե իր միջավայրն էլ նույն ողբերգության, վշտի մեջ է, դժվար թե հասկանա այս ամենը, հարևաններն էլ այդքան մտերիմ չեն եղել, որ զգան։ Պիտի նրբանկատ լինել, որ հասկանաս նրա մտադրությունը։

Եթե, իհարկե, ուշադիր լինես, կտեսնես, որ նա ռիսկային գոտում է, նա խոսում է, հուշում է այդ մասին, ուղղակի հասկանալ է պետք»,-ասում է հոգեբանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու թիվ 2 գերեզմանատանը կախված վիճակում հայտնաբերված 33-ամյա Աննա Մ․-ի պայուսակից էին երկտող գտել, որտեղ նա իր մահացած որդուն գրել էր․ «Գալիս եմ քո մոտ, որ քեզ գրկեմ ու միշտ միասին լինենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031