«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» այսօր երեկոյան հանրահավաք է անցկացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Շտաբի նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել այսօր երեկոյան չգնալ Իվանյան համայնք՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայր։
«Այսօրվա հավաքի ժամանակ քննարկում է եղել հետագա քայլերի վերաբերյալ, բայց դեռ որոշում չկա ապագա քայլերի մասին։ Որոշում կայացվեց այսօր այլեւս չգնալ ռուս խաղաղապահների շտաբ, եթե գնայինք կստացվեր, որ եկել ենք իրենցից վրեժ լուծելու այսօր առավոտյան տեղի ունեցածի համար։ Չնայած՝ ես կարծում եմ ամենահարմար օրն այսօր էր, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն է սպասվում»,- ասաց Ավանեսյանը։
Ավելի վաղ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խումբը հայտարարել էր, որ այսօր հավաքվելու են Վերածննդի հրապարակում, լուծելու են տրանսպորտի հարցը, որպեսզի գնան Իվանյան՝ ռուս խաղաղապահների շտաբ։
Գագիկ Ավանեսյանը նաեւ ասաց, որ դեռ հայտնի չէ դեպի Հակարի կամուրջ երթի օրը։ «Նախ ռուսները չեն երաշխավորում, հրաժարվում են երթի ժամանակ մեր անվտանգությունն ապահովել։ Կարծում ենք՝ ամենահարմար տարբերակը Հայաստանի կողմից՝ Կոռնիձորից դեպի կամուրջ գալն է, բայց պետք է աջակիցներին համախմբենք Կոռնիձորում։ Արցախից դեպի Հակարի կամուրջ երթի համար առնվազն 5000 մարդ է պետք, բայց Հայաստանի կողմից 1000 հոգին էլ բավարար է երթ անելու համար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ