Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյանը՝ 2018-ին «Մենք ենք տերը մեր երկրի» գոչողներին․ «Դե եկեք տեր կանգնեք երկրին, ձեր երկիրն է կործանվում, տերեր ո՞ւր եք»

Օգոստոս 16,2023 18:30

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով  Արցախում գրանցված 21-րդ դարում մեր հայրենակցի սովամահության առաջին դեպքին՝ ասաց, որ դա ակնկալելի էր, քանի որ հայկական երկրորդ պետությունը շուրջ ինն ամիս շրջափակված է ու այնտեղ դրսից բացարձակապես ոչինչ չեն ստանում։

«Դեպքերի այդ շղթան մի օր պետք է սկիզբ առներ եւ այդ օրը եկավ։ Բայց հարցն այն է, որ աշխարհը՝ Հայաստանը ներառյալ, բացարձակապես անտարբեր է այդ ողբերգության նկատմամբ։ Արտաքին աշխարհի պարագայում ես ինչ-որ մի ձեւով կարող եմ ռացիոնալ բացատրել, թե ինչո՞ւ են նրանք անտարբեր, թե ոնց են մարդիկ սովամահ լինում։ Նրանք ունեն տնտեսական, քաղաքական շահեր, որոնց զոհ են բերում իրենց բարոյականությունը։

Այսինքն, նրանք գործում են այն ուղղությամբ, որ սեփական քաղաքացիները չհայտնվեն սովամահության շեմին։ Բայց ես չեմ հասկանում Հայաստանի իշխանություններին, առավել եւս՝ քաղաքացիներին, որովհետեւ այս ողբերգություններից ոչ մեկս երաշխավորված չենք եւ ցանկացած րոպե այդ ողբերգությունը կարող է մտնել յուրաքանչյուրիս տուն։

Եթե որեւէ մեկը գտնում է, որ Հայաստանն անվտանգ է եւ մի գեղեցիկ օր չի հայտնվի շրջափակման մեջ, չարաչար սխալվում է։ Ցանկացած պահի Վրաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով կփակի սահմանը եւ մենք կհայտնվենք այն վտանգում, որում հայտնվել ենք 92 թվականին։ Եթե լավ եք հիշում։ Այսինքն, եթե դեռ հնարավորություն ունեք հյուսիսային պողոտաներում, կասկադներում սառը գարեջուր խմել, կինո գնալ, հա-հա-հի-հիներ անել, դա չի նշանակում, որ դա հավերժ է։ Դեռ եզակի դեպքեր են տեղի ունենում Արցախում, բայց դրանք շուտով վերածվելու են հոգնակիի եւ տեղափոխվելու են Հայաստանի Հանրապետություն»,-ասաց տիկին Ադիբեկյանը։

Արմինե Ադիբեկյանին խիստ զայրացնում է «Ես ի՞նչ կարող եմ անել» հոգեբանությունը։ «Բա որ 2018 թվին ասում էիք․ «Մենք ենք տերը մեր երկրի», դե եկեք տեր կանգնեք երկրին։ Ձեր երկիրն է կործանվում։ Տերեր ո՞ւր եք։ Մինչեւ այս աղետը չմտնի նրանցից յուրաքանչյուրի տուն, իրենք խելքի չեն գալու։ Բայց այն ժամանակ լինելու է շատ ուշ, որովհետեւ շրջափակված ենք լինելու թշնամիների մի քանի օղակով՝ ներքին թշնամիների, մերձավոր թշնամիների եւ հեռավոր թշնամիների»։

Փորձագետը խոսելով միջազգային հանրության անտարբերության եւ լռության մասին՝ ասաց․ «Հարգելիներս։ Միջազգային հանրությունը թքած ունի ձեր եւ ձեր երեխաների վրա։ Միջազգային հանրությունն ունի իր քաղաքացու, իր երեխայի պայծառ ապագան ապահովելու նպատակ։ Եվ եթե անհրաժեշտ է, նրանք կարող են դրա համար ոչ թե լռել, այլ հանգիստ ու անտարբեր նայել, թե ոնց են ձեր երեխաներին մորթում։ Նրանք Ադրբեջանի հետ ունեն թանկանոց պրոյեկտ եւ նրանք իրենց փողերը չեն կորցնելու։ Հասկացեք, վերջապես։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031