Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի ԱԽ-ն հնարավորություն ունի կանխել տարածաշրջանում լարվածության աճը եւ Արցախում հումանիտար աղետը. Արթուր Հարությունյան

Օգոստոս 16,2023 17:57

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը

-Այսօր երեկոյան, Հայաստանի ժամանակով 23.00-ին, ՀՀ իշխանության դիմումով, տեղի կունենա ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը՝ Արցախի հարցով. ի՞նչ ակնկալիքներ կան:

-Բնականաբար, կան ակնկալիքներ, եւ դա այն է, որ բոլորը պետք է գիտակցեն ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, եւ հենց ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակում արդարացի բանաձեւ ընդունվի՝ իրենց ունեցած բոլոր գործիքակազմերով պարտադրելով Ադրբեջանին՝ կատարել իր ստանձնած պարտավորությունները թե’ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, թե’ առհասարակ, միջազգային իրավունքի տեսանկյունից:

Նկատի ունենալով Արցախի հարցի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման նախորդ տխուր փորձը, երբ անգամ բանաձեւ չընդունվեց, կա՞ վստահություն, որ այս ընթացքում համապատասխան աշխատանք է տարվել կամ ճիշտ աշխատանք է տարվել: Օրինակ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մտահոգություններ հայտնեց, որ ճնշումների ներքո կարող են անդառնալի լուծումներ լինել:

-Իհարկե, հնարավոր է, որ Ադրբեջանը նաեւ պարոն Օսկանյանի ասած տարբերակի ուղղությամբ զարգացումները փորձի տանել, բայց մենք հույս ունենք, որ ընդհանուր իրավիճակն ամբողջությամբ ներկայացված է, թե այս ութ ամիսների ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում, եւ ամբողջությամբ ներկայացված է հումանիտար ոչ թե ճգնաժամի, այլ աղետի իրականությունը, դրա անդառնալի հետեւանքները: Եվ եթե այսօր էլ ՄԱԿ-ի ԱԽ-ում, նախորդ փորձը հաշվի առնելով, նորից փորձեն կոչեր, հայտարարություններ կամ ինչ-որ այլ ձեւաչափով եզրակացություններ տան ու որեւէ պատժամիջոց, հստակ քայլեր, գործիքակազմ չօգտագործվի Ադրբեջանին պարտադրելու, դա կնշանակի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն օբյեկտիվ չի գտնվել եւ դարձյալ երկակի ստանդարտներ են օգտագործվել, որոնք ձեր նշած նախորդ անգամը կիրառվեցին:

Ամեն դեպքում, հույս ունենք, որ այդպես չի լինի: Իրավիճակն ամբողջությամբ ներկայացված է փաստերով՝ ե՛ւ պարենի, ե՛ւ դեղորայքի, ե՛ւ էլեկտրաէներգիայի ու գազամատակարարման, վառելիքի հետ կապված, որոնց բացակայությունը բերել է այս հումանիտար աղետին: Այս իրավիճակը ստեղծվել է հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղիղ ցուցումով: Մենք տեսանք, թե ինչպես անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին իրենք սկսեցին էկոակտիվիստների այդ թատրոնը, որը փորձում էին նաեւ միջազգային հանրության վզին փաթաթել, իսկ իրական նպատակներն այնուհետեւ արդեն պարզ դարձան. դա այն է, ինչը որ մենք այսօր ունենք գետնի վրա: Ըստ էության, ամբողջ միջազգային հանրությունը՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ մնացած անդամները, պետք է սա հստակ գիտակցեն եւ հասկանան, որ այսպես շարունակելով, հստակ գնահատականներ չտալով, հստակ գործիքակազմ չկիրառելով՝ բերելու են տարածաշրջանում ոչ թե խաղաղություն եւ կայություն, ինչի մասին իրենք այդքան բարձր խոսում են, այլ լարվածություն: Իրենք հիմա հնարավորություն ունեն դա կանխելու:

-Արցախի ՄԻՊ-ը երեկ ահազանգ հնչեցրեց, լուսանկար հրապարակեց՝ սովից մարդ է մահացել, այսօր էլ չծնված երեխայի մահվան հերթական դեպքն է գրանցվել, մինչ այդ, երկու երեխաներ մահացան, որովհետեւ մայրը գնացել էր սնունդ հայթայթելու. սա, ըստ ձեզ, գոնե սթափեցնող կլինի՞ ՝ կանխելու համար հետագա ողբերգությունները:

-ՄԻՊ-ի հրապարակածն առաջին դեպքն էր՝ արձանագրված եւ հաստատված բոլոր փաստերով, որ մարդը թերսնուցման արդյունքում ունեցել է կյանքի համար անհրաժեշտ կալորիաների բացակայություն, ու այդ պատճառով էլ արձանագրվել է մեր քաղաքացու, երիտասարդ տղայի մահը: Ձեր նշած մյուս դեպքերն էլ թերսնուցման արդյունք են, փաստերը կան, որ այդ ամենը տեղի է ունենում շրջափակման եւ այս աղետի պատճառով: Այսպիսի դեպքերը շարունակվելու են, քանի որ երկու ամսից ավելի է, Արցախ ընդհանրապես որեւէ ապրանք չի մտնում, եւ մեր ներքին ռեսուրսի հաշվին 120 հազար բնակչությանը, որոնցից 30 հազարը երեխաներ են, չենք կարողանալու ապահովել, որովհետեւ, իրականում ներքին ռեսուրսներն էլ սպառվում են: Էլ չեմ ասում էլեկտրաէներգիայի, գազի, վառելիքի, դեղամիջոցների եւ բժշկական այլ պարագաների բացակայության պատճառով բազմաթիվ խնդիրները: Այսինքն, ընդհանուր իրավիճակը ծայրահեղ ծանր է եւ հումանիտար աղետը իրականում պետք է կանխել:

-Այս աղետի ֆոնին առավել աչքի զարնվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը. տպավորություն է, որ ՌԴ-ն լիակատար աջակցություն է հայտնում Ադրբեջանին՝ իր գործողություններում, Արցախում էլ արդեն հակառուսական տրամադրությունների գեներացման հերթական փուլն է կարծես սկսվել եւ թիրախում էլ խաղաղապահ առաքելության զինվորներն են: Այս ամենն ինչի՞ կհանգեցնի:

-Անկեղծ ասած, Լավրով-Բայրամով զրույցում ես չտեսա, որ ՌԴ-ն լիակատար աջակցություն հայտնեց Ադրբեջանին, հակառակը, ՌԴ ԱԳ նախարարն ասաց, որ պետք է անվերապահորեն կատարվեն բոլոր պայմանավորվածությունները, որոնք որ ստորագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարին, որոնց ձեռք են բերվել եռակողմ մակարդակում: Իսկ ինչ մնում է ձեր նշած հակառուսական ակցիաներին, ես չէի ասի, որ դրանք հակառուսական են. հասարակության, քաղհասարակության ներկայացուցիչների կողմից որոշակի պահանջներ են ներկայացվել ռուս խաղաղապահներին՝ իրենց առաքելությունը պատշաճ կատարելու ուղղությամբ: Դա ոչ թե հակառուսական, առավել եւս՝ կազմակերպված ակցիա էր, այլ, այսպես ասենք, հասարակության այդ ներկայացուցիչների կողմից ռուսական խաղաղապահներին ներկայացվող պահանջներ:

-Հավանական համարու՞մ եք, որ դրանք շարունակություն կունենան, հնարավո՞ր է բախումների վերաճեն:

-Չեմ կարծում, որ այդպես կլինի: Դրանք ուղղակի պահանջներ են, որոնք այս ութ ամիսների ընթացքում մի քանի անգամ ներկայացվել են ե՛ւ ռուսական խաղաղապահ առաքելությանը ե՛ւ առաքելության հրամանատարությանը: Բայց որ դրանք շարունակություն կունենան եւ կվերաճեն հակառուսական տրամադրություններ գեներացնելու գործողությունների, չեմ կարծում, թե հնարավոր է:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031