«Փակ շուկայի» դիմացի գետնանցումն արդեն հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար. տեղադրվել է հատուկ վերելակ:
Հարթակից օգտվելու համար պետք է սեղմել և պահել կանչի կոճակը: Մոտենալով վերելակին և բարձրացնելով բռնակը՝ քաղաքացին հեշտությամբ տեղափոխվում է հարթակ: Անվտանգությունն ապահովելու նպատակով անպայման պետք է իջեցնել բռնակները, այնուհետ՝ նաև սայլակի արգելակները: Վերելակն իջնում է մեխանիկորեն, քաղաքացիներն իրենք են կառավարում այն: Արագությունը համապատասխանեցված է միջազգային չափանիշներին: Հարթակը հաշվարկված է 200 կգ քաշ տեղափոխելու համար:
Սարքի վրա փակցված են բոլոր ուղեցույցները, հարևանությամբ նաև առանձին պաստառն է հուշում օգտագործման կանոնները:
Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի շուրջ 20 այդպիսի սարքավորում կտեղադրվի: Նախագիծը մայրաքաղաքն ավելի հարմար ու հասանելի կդարձնի բոլոր բնակիչների համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն