Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունը խախտել է ուսումնասիրության ժամկետները, Սուրիկ Խաչատրյանի գույքի բռնագանձման հայցը պետք է մերժվի»․ փաստաբան

Օգոստոս 16,2023 17:34

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (լուսանկարում) փաստաբանն այսօր միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սուրիկ Խաչատրյանի եւ նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով հայցային վաղեմություն կիրառելու մասին։

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ տեղի է ունեցել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու գործով հերթական դատական նիստը։ Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը «Առավոտին» ասաց, որ իրենց հայցի հիմքում այն է, որ Գլխավոր դատախազությունը խախտել է ուսումնասիրության ժամկետները։ «Օրենքն ասում է, որ այդ դեպքում վաղեմությունը բաց թողնված է համարվում, եւ հայցը պետք է մերժվի։ Մենք կարծում ենք, որ օրենքը դա է ասում, պետք է այս հայցը մերժվի»,- ասաց փաստաբանը։

Մեղադրող դատախազը ժամանակ է խնդրել, որպեսզի գրավոր առարկի։ Դատական հաջորդ նիստի ընթացքում կքննարկվի այս միջնորդությունը, այնուհետեւ դատարանը կհեռանա միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն, բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ (անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ), մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031