Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան․ «Ասել եմ եւ կրկնում եմ. եթե 100 հազար զայրացած մարդ, այլեւս ոչ մի բանի առջեւ կանգ չառնող բազմություն հայտնվի փողոցներում, տեսնեմ ո՞նց մեզանից բան կախված չէ»

Օգոստոս 16,2023 16:44

«Մենք գնալով ավելի ու ավելի շատ ենք խրվում դժոխքի մեջ։ Եվ հայ մարդկանց մահերը ոչ ավելի, ոչ պակաս՝ սովից, համարում եմ, որ մեր բոլորիս խղճի վրա է, ոչ միայն իր պարագլուխներով հանդերձ այս հանցախմբի»-անդրադառնալով Արցախում արդեն արձանագրված 40-ամյա մեր հայրենակցի սովամահությանը՝ «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Յոթ-ութ տարի առաջ եթե մարդկանց ասեիր, որ այսպիսի բան է տեղի ունենալու, որ  հայ մարդը, Արցախում լինի, թե որտեղ, սովից մահանում է եւ մյուսները հանգիստ առօրյա կյանքը շարունակում են, անհասկանալի կարող էր թվալ։ Սա հրեշավոր է, բարոյալքման ցուցիչ է։ Բայց չեմ ուզում ընդհանրական գնահատականներ տալ։ Երբ վերջին ժամանակներս առիթ է լինում եւ ես խոսում եմ մեր հասարակության վիճակի, ընկալումների, ապրումների մասին, անընդհատ հիշեցնում եմ, որ վերջին տարիներին համառորեն եւ հետեւողականորեն մեր հասարակությունը վերածեցին զոհի հոգեբանություն ունեցող հասարակության, մենք 44-օրյա պատերազմի հետեւանքով շատ ռեալ առնչվեցինք զոհ դառնալու փաստին։ Էսպիսի բաներից հետո մարդիկ առհասարակ խեղճանում են։ Եվ այն ուժերը, որոնք մեր հայրենիքը իրենց դրածոների, խամաճիկների միջոցով բերել, հասցրել են այս վիճակին, հենց այս նպատակն էին հետապնդում, որպեսզի ոչ միայն խեղճանանք, այլեւ բարոյական նահանջ ապրենք։

Բարոյական նահանջ է, երբ քո հարազատը, հայրենակիցը մահանում է, ու դու թեթեւակի ասում ես՝ վայ, ինչ վատ բան է եղել, ու անցնում ես առաջ։ Հայաստանը դարձել է մահվան հովիտ։ Անընդհատ մահերի մասին ենք լսում, Սովորակա՞ն է դարձել այս ամենը մեր ականջին։ Ինչքա՜ն լույս զինվորներ կորցրինք, ինչքա՜ն օջախ մարեց։ Հիմա էլ ոչ ավել ոչ պակաս մարդիկ մահանում են սովից։

Արցախից շատ ողբերգական, շատ տագնապալի լուրեր են գալիս։ Լավ, մեզ դրեցին այս վիճակի մեջ։ Բայց ելք կա՞, թե՞ ոչ։ Անընդհատ մեզ զոհ պահելու քարոզչությունը, մեր հոգեկան աշխարհի հետ դաժան խաղերը անընդհատ շարունակվում են։ Ժողովրդին անընդհատ ներարկվում է, թե մենք ոչինչ անել չենք կարող։ Զոհի առաջին հատկանիշն է, որ ինքը ոչ մի բան անել չի կարող, գետնատարած է, անզոր է։ Ու սա են մեզ անընդհատ ներշնչում։ Բայց սա ամենամեծ խաբկանքներից մեկն է, որ ներշնչում են ժողովրդին։

Ես ճիշտ հակառակը կասեմ։ Ամեն ինչ հենց մեզնից է կախված։ Ասել եմ եւ կրկնում եմ․ եթե 100 հազար զայրացած մարդ, այլեւս ոչ մի բանի առջեւ կանգ չառնող այդպիսի մի բազմություն հայտնվի փողոցներում, տեսնեմ ո՞նց մեզանից բան կախված չէ։ Սա շատ լավ գիտեն հենց կազմակերպիչներն ու կոորդինատորները, որ, այո, հենց մեզնից է կախված, դրա համար էլ մեզ անընդհատ ներշնչում են ինչ-որ թուլություններ, անզորություն, անկարողություն։ Ոչ հենց ու միայն մեզնից է կախված, ես կասեի՝ միակ ելքը դա է, միակ ելքը մեր ձեռքին է։ Մենք անզոր չենք ու պիտի պայքարենք»,-շարունակեց Կարինե Նալչաջյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031