«Կատարվածը մեծ ողբերգություն է և ցավոք՝ սպասվելիք ողբերգություն։ Արցախում գրանցվեց առաջին սովամահությունը, բայց արդյոք քանի՞ մահ է գրանցված շրջափակման պատճառով՝ տարբեր հիվանդություններից, սթրեսային վիճակներից։ Հիշենք երկու անչափահաս երեխաների ողբերգական մահերը նույնպես»,-այսպես արձագանքեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ երեկ Արցախում շրջափակման հետևանքով գրանցված սովամահության դեպքին:
«Ո՞վ կմտածեր, որ մեր սերունդը 2020թ․ սկսած, նույնպես ականատեսը կլինի հայ ժողովրդի հերթական ողբերգությանը։ Եվ այս անգամ հաստատատպես կարող եմ պնդել, որ այս ողբերգության միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է՝ իր վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ։ Այն ինչ կատարվում է Արցախում, սկսած շրջափակումից, հետևանքն է 2022թ․ հոկտեմբերին Արցախն ուրանալուց և Ադրբեջանի տարածք հայտարարելուց»,-ասաց նա:
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի շրջափակման խնդրի նկատմամբ Հայաստանի իշխանությունների արձագանքին, իրավապաշտպանը նշեց. «Հիշենք վարչապետ կոչեցյալի վերջին մամլո ասուսլիսում հնչեցրած խոսքերն արցախցիների մասին։ Մարդ պարզապես ապշում է, թե ինչպիսի ատելությամբ է նա խոսում արցախցիների մասին։ Հայտնի խոսք կա՝ երբ որևէ մեկին վատություն ես անում, ապա ինքդ ես սկսում նրան ատել։ Իսկ իշխանության մյուս ներկայացուցիչներն, օրինակ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանը, իբր անհանգստացած, հերթապահ դիմումներ են հղում տարբեր ատյանների՝ քաջ գիտակցելով դրանց անօգուտ լինելը»։
Արցախում կատարվածի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքերի վերաբերյալ Ավետիք Իշխանյանը նկատեց, որ տարբեր երկրներում միևնույն երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը տարբերակված է լինում: «Եթե ուշադրություն դարձնենք, ապա արևմտյան «քաղաքակիրթ» հասարակության համար մարդիկ տարբեր են։ Եթե, օրինակ եվրոպական որևէ երկրում ահաբեկչության զոհ է դառնում թեկուզ մեկ մարդ, ապա ողջ արևմուտքը ցնցվում է, մեղադրում, քննադատում։ Բայց, օրինակ, երբ համարյա ամեն օր Իտալիայի ափերի մոտակայքում զոհվում են տասնյակ փախստականներ Աֆրիկայից, ապա դրան հետևում է չոր վիճակագրություն։ Այնպես որ, բացի տարբեր պաշտոնյաների մտահոգություններից, այլ գործողություններ սպասելն անիմաստ է»։
Կարդացեք նաև
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ իրավիճակն Արցախում գնալով սրվում է, և եթե այսպես շարունակվի, առաջիկայում, Աստված չանի, դարձյալ նման դեպքերի կարձանագրվեն: «Կարծում եմ, որ այսօր շատ բան կախված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, թե ինչ որոշում կկայացվի: Շատ էական է, թե Հայաստանի իշխանությունները ինչպես կներկայացնեն խնդիրը: Սա հումանիտար հարց չէ, սա քաղաքական հարց է: Արարատ Միրզոյանը կներկայացնի արդյո՞ք իրավիճակը, որ պետք է լուծում տրվի և բացվի Լաչինի միջանցքը, քանի որ չի կարող Արցախը Լաչինի միջանցքով կապված չլինել Մայր Հայաստանի հետ: Սա է հենց այդ քաղաքական հարցը, այստեղ հումանիտար խնդիրը չէ, քանի որ մարդիկ այդ սովին դիմանում են հենց այդ քաղաքական խնդրի լուծման նպատակով: Պետք է լուծվի այդ հարցը և Արցախի կապը Մայր Հայաստանի հետ հաստատվի: Սա պետք է Արարատ Միրզոյանն անի, թեպետ գիտենք, որ դիմումը ներկայացված է միայն որպես հումանիտար խնդիր: Այս իշխանություններըը պետք է գիտակցեն, որ Արցախի ժողովրդի այսօրվա կեցությունն ամբողջությամբ կախված է իրենց դիրքորոշումից. մինչև հիմա մենք չենք տեսնում, որ Հայաստանի իշխանությունները իրավիճակը որպես քաղաքական խնդիր ներկայացնեն, բայց հիմա օրհասական վիճակ է, և իրենք պարտավոր են ներկայացնել քաղաքական լուծումը, և արցախցիները վերջապես ազատություն ստանան և Լաչինի միջանցքը բացվի»,-նշեց Ալեքսանյանը:
Երեկվա սովամահության դեպքի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի արձագանքն այն էր, որ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներով մի քանի անգամ, նույնիսկ այս դեպքից առաջ, ահազանգել են միջազգային կառույցներին, թե հումանիտար ճգնաժամ է: Մեր այն դիտարկմանը, թե երեկվանը բացառիկ դեպք է, մի՞թե միայն դիմումներն ու ահազանգերը բավարար են, Սաքունցը նշեց. «Մենք ունենք այն գործիքակազմը, ինչ միշտ ունենք»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ