«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից գլխավոր ակնկալիքն այն է, որ անվտանգության խորհուրդը որոշում կայացնի Լաչինի միջանցքի բացման համար միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ»,- այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այսօր հրավիրված նիստին ։
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պետք է հարկադրանքի միջոցներ կիրառվեն։ «Բոլոր կոչերը բազմաթիվ անգամ հնչեցին, ոչ մի արդյունք դա չտվեց։ Ուստի, հիմա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է արդեն պարտադրող որոշումներ ընդունի։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսվում է լայն մեխանիզմների շրջանակ՝ ռազմական միջամտությունից, որը միջամտության ամենաբարձր մակարդակն է, մինչեւ ցանկացած այլ միջոցներով իրավիճակի վրա ազդելու մեխանիզմ։ Գլխավոր դիսկուրսը, որը Եվրոպայում ծավալվում է, այն է, որ բազմաթիվ անգամ եղել է արձանագրություն, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս պետությունների, ուշացումով է արձագանքում հումանիտար ճգնաժամներին, ցեղասպանություններին։ Հիմա կարծես կա հարցադրում՝ արդյոք պետք է սպասել, որ մարդիկ սկսեն Արցախում սովից մահանալ, թե՞ հարկավոր է միջամտել արդեն հիմա եւ չսպասել, որ իրավիճակը հասնի ծայրահեղ վատ դրության, եւ մարդիկ սկսեն մահանալ։ Կարծում եմ՝ այդ քննարկումն այդ ընկալման մթնոլորտում է անցնելու։ Վերջիվերջո Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան ենթադրում է հենց կանխարգելիչ գործողություններ՝ նման հանցագործություններ թույլ չտալու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է Արցախի ժողովրդի հետ, ակնհայտ է, որ դա պլանավորված հանցագործություն է»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ