Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սմբատյանի կալանավորումը փոխելու կոչով ՀՀ վարչապետին են դիմել ՌԴ մշակույթի անվանի գործիչներ

Օգոստոս 16,2023 14:59
Armen Smbatyan

ՌԴ արվեստի հայտնի գործիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով պատկան մարմիններին վերանայել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Պետական ակադեմիական Մեծ թատրոնի նախկին գլխավոր տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովն իր նամակում ընդգծում է, որ անգնահատելի է Արմեն Սմբատյանի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։ «ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավարման տարիներին պարոն Սմբատյանի մասշտաբային եւ հումանիտար  կարեւոր նախաձեռնությունները հիշարժան իրադարձություններ էին Համագործակցության բոլոր երկրներում։ Վստահ եմ, որ դատական գործընթացը լույս կսփռի այս գործի բոլոր մութ կողմերի վրա, ինչի արդյունքում Արմեն Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր բարի անունն ու հեղինակությունը։ Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ` կուզեի ընդգծել, որ պարոն Սմբատյանի հասարակական գործունեությունը նաեւ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն է ուղղված։ Եվ մինչ դատական վճռի կայացումն այդ մասշտաբի գործչի կալանավորումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի հեղինակությանը»,- ասված է Անատոլի Իկսանովի նամակում։

Արմեն Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով դիմել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Դ. Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրեն Իլյա Չերկասովը։ Վերջինս ընդգծում է, որ Արմեն Սմբատյանի անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ընդ որում ոչ միայն որպես դիվանագետ եւ հասարակական գործիչ, այլեւ որպես հեղինակավոր մշակութային գործիչ։ Նա իր վստահությունն է հայտնում, որ քննությունը կբացահայտի իրականությունը, եւ դատարանը կընդունի արդար վճիռ։

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Վ. Ֆ. Կոմիսարժեւսկու անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Նովիկովը Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում գրում է. «Արմեն Սմբատյանի շնորհիվ թատրոնի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի թատերական արվեստի երախտավորների հետ՝ Վարդան Աճեմյան, Հրաչյա Ղափլանյան, Խորեն Աբրահամյան, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ես ծանոթ էի եւ ընկերություն էի անում դեռ ուսանողական տարիներից։ Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, որոնք արյամբ կապված են Հայաստանի հետ՝ դերասանուհի, ռուսաստանյան եւ արտասահմանյան բազմաթիվ մրցանակների դափնեկիր Աննա Վարդանյան, դերասան, կոմպոզիտոր, թատրոնի երաժշտական մասի ղեկավար Արթուր Մկրտչյան, անվանի նկարիչ Մարինա Ազիզյան… Ես ասում եմ այս ազգանունները, քանի որ Արմեն Սմբատյանը, այցելելով Սանկտ Պետերբուրգ, միշտ հետաքրքրվում էր նրանց ճակատագրով, ուշադրությամբ հետեւում էր նրանց ստեղծագործական աճին»։ Վիկտոր Նովիկովը, դիմելով վարչապետին, նաեւ հույս է հայտնում, որ վերջինս կարող է օգնել կալանավորումն ավելի մեղմ եւ մարդասիրական պայմաններով փոխարինելու հարցում։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031