ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի շարք անձանց կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2023թ. մարտի 14-ին` ժամը 23:30-ին, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել էր Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր 3 փաթեթ՝ 1.056 գրամ քաշով «մեթամֆետամին», մանր չափերի՝ ընդհանուրը 0,6 գրամ քաշով «տետրահիդրոկաինաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ անշեղբ, հարվածող-ջարդող կռփազենք։
Իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ. տվյալներ էին ստացվել՝ թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր շղթայի ևս երկու մասնակցի, նրանց գտնվելու վայրի մասին:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամեր անց Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերվել և ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով, ձերբակալել էին Երևանի և Արմավիրի մարզի՝ 1984թ. ծնված երկու տղամարդ:
Կարդացեք նաև
Նախաքննությամբ պարզվել էր, որ վերջիններս, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք էին բերել և պահել առանձնապես խոշոր չափերի՝ 15,8166 գրամ քաշով «Մեթամֆետամին», խոշոր չափերի՝ ընդհանուր 0.735 գրամ քաշով «Ացետիլացված ափիոն» և զգալի չափերի՝ ընդհանուր 11,97 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող վերոհիշյալ հյուրանոցային համալիրում կատարված խուզարկությամբ:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել էր նաև, որ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակիչն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է զգալի չափերի՝ ընդհանուր 0,125 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի և մանր չափերի, ընդհանուրը՝ 0,68 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որոնք հայտնաբերվել էին վերջինիս անձնական խուզարկությամբ:
Քննությամբ պարզվել էր, որ հիշյալ անձանց կողմից վարձակալված հյուրանոցային համարը որոշակի ժամանակահատվածում ծառայեցվել է՝ որպես թմրամիջոցների պատրաստման, իրացման նպատակով փաթեթավորման տարածք։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի 1984 թվականին ծնված բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմավիրի մարզի՝ 1984 թվականին ծնված բնակչին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 1-ին մասով:
Որպես խափանման միջոց՝ նշված երեք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, նրանց վերաբերյալ նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, շրջանառության շղթայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե