Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամպրուկները պատրաստել, սպասում են գաղթի ճամփան բռնելու կործանարար քայլին»

Օգոստոս 16,2023 14:17

Հիշում եք… Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, առաջինն ընդունեցինք մենք՝ 301 թվականին։

Ընդունեցինք… Իսկ ի՞նչ ենք անում՝ որպես քրիստոնյա, ինչպե՞ս ենք ապրում…

Ցավով պիտի արձանագրենք, որ մեր օրերում, եկեղեցիներում ժամերգություններին, լավագույն դեպքում, 30-35 մարդ է մասնակցում, աղոթում ու ապաշխարում։ Չենք աղոթում, մեր հայրերի ընդունած դավանանքին հաճախ դեմ ենք գնում՝ չզլանալով ամեն օր ու ամեն ժամ դժգոհել, որ Աստված երես է թեքել մեզանից։ Չէ, սիրելինե՛րս, այդ մենք ենք երես դարձրել Աստծուց։ Ամեն ինչի համար ժամանակ գտնում ենք՝ գեղեցկության սրահներ, խանութներ, սրճարաններ… Երկար կարելի է թվարկել։ Ժամանակ չունենք, զբաղված ենք, ծանրաբեռնված ամիս է կամ ամիսներ են… Ու այսպես շարունակ։

Այս լարված առօրեական վազքում մենք անընդհատ մոռանում ենք սեփական հոգու խորքը նայելու, օրական գոնե մեկ ժամ մեր խղճի հետ առանձնանալու կարևոր ու հոգեփրկիչ գործն անել։ Վստահ եմ, որ մեզանից շատերը առանց նախաճաշի կամ մեկ բաժակ սուրճի տնից դուրս չեն գալիս։

Հավատացնում եմ, որ նույնքան կարևոր է օրը հոգևոր հացով՝ աղոթքով սկսելը։ Փորձե՛ք և կհամոզվե՛ք, որ պարբերաբար հոգևոր սնունդ ընդունելուց հետո, դուք հոգեպես ավելի առողջ և սթրեսադիմացկուն կդառնաք։ Ձեզ միայնակ,անպիտան ու դժբախտ չեք զգա…

Մինչ ամենքը բողոքում են հացի, ջրի, բանջարեղենի ու մրգի հերթերում, ես այս հերթերում փառք եմ տալիս Տիրոջը, որ անարժաններիս Տերը դարձյալ մենակ չթողեց, ողորմեց ու կերակրեց։ Որքա՜ն հաճելի էր, երբ օրեր առաջ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի միասնական աղոթքին ականջալուր՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում ասեղ գցելու տեղ չկար։ Ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր օրը լինի միասնական աղոթքի օր…

«Հուսահատությունը մահացու մեղք է քրիստոնյայի համար»,- ասում է Աստվածաշունչը, ապա ավելացնում՝ «Հույսը երբեք չի ամաչեցնում։ Երանի՜ նրանց, ովքեր հույսը դրել են Տիրոջ վրա»։ Մենք վաղուց մոռացել ենք մեր քրիստոնյա լինելը, լողում ենք հուսահատության՝ սահմաններ չճանաչող ծովում, դժգոհում, չարանում, բամբասում ենք ազգովին։ Դիմացինին քննադատելու և խելք սովորեցնելու առիթը բաց չենք թողնում, ավելին՝ ինքներս ենք առիթ ստեղծում։

Ոմանց նյարդայնացնում է «Կյանքի ճանապարհի» փակ լինելու հանգամանքը։ Փոխանակ վայելելու հայրենիքում լինելու օրհնությունը՝ նրանք ճամպրուկները պատրաստել, անհամբեր սպասում են գաղթի ճամփան բռնելու կործանարար քայլին։ Հավատում եմ, որ այսկերպ մտածողները հասարակության չնչին տոկոսն են կազմում։ Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, հիշե՛ք 44-օրյա պատերազմի ծանր օրերը…

Թեև մենք Մայր Հայաստանում էինք, թեև մեր քույրերն ու եղբայրները կարեկից էին մեզ, սրտացավորեն աջակցում էին ամեն հարցում, բայց օրեր էինք հաշվում, ծնկաչոք աղերսում, որ Աստված ժամ առաջ դադարեցնի արյունահեղությունն ու մեզ տուն վերադարձնի։ Ոչ մի տեղ մեզ չեն սպասում։ Եկե՛ք զինվենք համբերությամբ, մասնակցենք ժամերգություններին և կիրակնօրյա Սուրբ Պատարագին, Աստվածաշունչ կարդանք, ողորմած լինենք աղքատ ու կարիքավոր մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ։ Այս ճանապարհով կարող ենք ազգովին ապաշխարել և երկնքից մեզ անվերջ հսկող մեր սուրբ նահատակների թափած արյանն արժանի լինել։ Իսկ մինչ այդ շարունակեք օրը մի քանի անգամ աղոթքի նման շշնջալ արցախածին բանաստեղծի` Վարդան Հակոբյանի տողերը՝

«Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում,
Քարերն էլ այստեղ խունկ են բուրվառում։
Թե փուլ գա անգամ աշխարհը հանկարծ,
Դու միշտ կանգուն ես մնալու, Արցա՛խ»։

Նանար ՍԻՄՈՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս

Շրջափակված Արցախ, 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031