Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ ասում են, որ երեխաները սոված են, ռուսը հարցնում է՝ ո՞վ է ձեզ վարձատրել, որ գաք այստեղ»․ Արցախում փակել են ռուս խաղաղապահների ճանապարհը

Օգոստոս 16,2023 11:31

Այսօր առավոտից «Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» անդամները Արցախի Իվանյան համայնքում ռուս խաղաղապահների շտաբի մոտ արգելափակել են ռուս խաղաղապահների ճանապարհը։ Արցախցիների պահանջը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է։ Ռուս խաղաղապահներն իրենց ճանապարհը փակած մեքենան ձեռքով հեռացրել են տարածքից, այնուհետեւ ծանր տեխնիկա են բերել տարածք՝ սպառնալով դրանով ճզմել ճանապարհը փակած մեքենան։

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ փաստորեն առաջին անգամ ռուս խաղաղապահները ծանր տեխնիկա են կիրառում, բայց ոչ թե Լաչինի միջանցքը բացելու համար, այլ Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Ռուս խաղաղապահների հրամանատարներից մեկը հարցրել է բողոքի գործողությանը մասնակցող արցախցիներին՝ «Ձեզ ինչքա՞ն գումար են վճարել»։

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Մարդիկ ասում են, որ երեխաները սոված են, ռուսը հարցնում է՝ ո՞վ է ձեզ վարձատրել, որ գաք այստեղ։ Կամ էլ իրականում իրենց գլուխը չի մտնում, թե նեղ վիճակում հայտնված մարդիկ ինչ կարող են անել»։

Ըստ Ավանեսյանի՝ իրենց պահանջն այն է, որ ռուսական կողմն իր պարտականությունները կատարի եւ Բերձորի միջանցքը բացի։ «Դրանք այն քայլերն են, որոնք ժողովրդի ներկայացուցիչներն անում են, սա քաղաքական ցույց է՝ փակել ռուս խաղաղապահների ճանապարհը։ Դրանով ուղերձ ենք հղում՝ ինչ վիճակում մենք ենք, այդ վիճակում էլ դուք։ Չնայած տարբերությունը մեծ է՝ Արցախում շրջափակման մեջ երեխաներ են, իսկ ռուս խաղաղապահների շտաբում մեծ տղամարդիկ են»,- ասաց Ավանեսյանը։

Նա հավելեց, որ ռուս խաղաղապահների նկատմամբ հասարակության ճնշումը պետք է մեծացնել։ «Ես կարծում եմ, որ ճնշումը շատ թույլ է, ազգը պիտի արթնանա, թե ում կամ ինչի են սպասում մարդիկ, չգիտեմ։ Բնական պատճառ էլ կա, տղամարդկանց մեծ մասը դիրքերում եմ, ովքեր իրականում պատրաստ են զոհվելու ու իրենց ընտանիքը պաշտպանելու` դիրքերում են։ Մենք էլ այն գլխից պայման ենք դրել, որ դիրքապահները չպետք է մասնակցեն այս գործողություններին, որովհետեւ իրենց գործը հենց դիրքեր պահելն է։ Հասարակական շարժումը պետք է թափ հավաքի, մարդիկ պետք է միանան, զարմանալի է, որ քիչ քանակ է, մարդիկ չեն միանում»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031