Օգոստոսի 2-ին «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության խմբագրություն ուղարկված հերթական նամակը զարմացրեց մեզ։ Նամակով պահանջում էին հերքել «Յուրացրել են ասֆալտ եւ բետոն․ահազանգ իրավապահներին» վերնագրով հոդվածը, որի հրապարակվել է հուլիսի 14-ին՝ Aravot.am կայքում։ Հերքում պահանջողներն են «Շինպլյուս» ՍՊԸ-ն, ընկերության ղեկավար Տիգրան Նազարյանը եւ նրանց ներկայացուցիչ, փաստաբան Ժիրայր Սաֆարյանը։ Ըստ նրանց՝ «հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ կրում են վիրավորական եւ զրպարտչական բնույթ»։
Հիշեցնենք՝ հոդվածում մասնավորապես նշել ենք, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի եւ «Շինպլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Նազարյանի միջեւ կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ պետք է բարեկարգվեին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի ներթաղամասային ճանապարհներն ու մայթերը։ Ծրագրի ընդհանուր գինը՝ 174.996.000 դրամ էր։ Սակայն իրականացված օպերատիվ միջոցառումներից պարզվել է, որ աշխատանքները չեն իրականացվել հավուր պատշաճի, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տվյալ կազմակերպության եւ պետության օրինական շահերին, ինչն արտահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 19.547.860 դրամ ավել գումար կապալառու ընկերությանը փոխանցելով: Նաեւ նշել էինք, որ բոլոր փաստաթղթերը ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից կուղարկվեն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Պարզաբանումների համար զանգահարել էինք նաեւ «Շինպլյուս» ընկերություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ կծանոթանան հոդվածին ու կպատասխանեն։ Եվ հրապարակման մեջ նշել էինք, որ «Պարզաբանումներ ստանալու համար դիմել ենք «Շինպլյուս» ՍՊ ընկերությանը։ Պատասխանը ստանալուց հետո կներկայացնենք նաեւ ընկերության տեսակետը»։ Զարմանալի է, բայց պատասխանի փոխարեն, մի քանի շաբաթ անց ստանում ենք հերքման պահանջ։
Այն ստանալուց հետո լրացուցիչ հարցումներ ուղարկեցինք իրավապահ մարմիններին։ ՆԳ նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանը մեզ ուղարկված պատասխանի մեջ նշել է, որ ««Շինպլյուս» ՍՊ ընկերության եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի լիազորված անձանց կողմից առերեւույթ կատարված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող եւ իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու եւ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնում իրականացվել են ստուգողական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստաթղթերը 10.07.2023թ.-ին փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա ընթացքը որոշելու համար»։
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ ի պատասխան մեր բանավոր հարցման նշել են, որ կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ հուլիսի 20-ին գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի մասին։
Սակայն մինչեւ պատասխանի ստանալը, մի բան ակնհայտ է՝ Aravot.am-ը չի հրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ իրավապահներին իրոք նման ահազանգ է փոխանցվել։
Ավելորդ չենք համարում մեկ անգամ էլ հիշեցնել՝ հրապարակել ենք տեղեկություններ առերեւույթ չարաշահումների մասին ու նաեւ նշել՝ փաստաթղթերն ուղարկվելու են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Այս ամենն էլ պաշտոնապես հաստատվեց ՆԳ նախարարության ոստիկանության համապատասխան վարչությունից ստացված գրությամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ