2022 թվականին լույս է տեսել ռուսաստանցի տնտեսագետ Սերգեյ Գուրիեւի եւ ամերիկացի քաղաքագետ Դենիել Թրեյսմանի գիրքը, որը կոչվում է «Spin Dictators»: Այս տարի գիրքը թարգմանվել է ռուսերեն եւ արդեն հասանելի է թվային տեսքով տեսքով՝ «Диктаторы обмана» վերնագրով: «Spin»-ը, ինչպես հայտնի է, «ֆռռացնելն» է՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով: Երբ ամերիկացիներն ասում են՝ «spin doctors», նրանք նկատի ունեն քաղտեխնոլոգներին՝ մարդկանց, որոնք «ֆռռացնելով» սեւը սպիտակ են ներկայացնում:
Ըստ հետազոտողների՝ 20-րդ դարում բռնապետությունները հինված էին վախի վրա: Մասնավորապես, քաղաքական գործունեությունը եւ լրատվամիջոցները, որոնք շեղվում էին պաշտոնական գծից, արգելված էին, եւ, եթե նման փորձեր անգամ արվում էին, ենթարկվում էին դաժան հետապնդումների: Դա հեղինակներն անվանում են «վախի դիկտատուրա»: 21-րդ դարում բռնապետերը, չնչին բացառություններով, գերադասում են ձեւ անել, թե իբր նրանք ժողովրդավար են: Բռնաճնշումները «կետային» են (ոչ զանգվածային), դրանք իրականացվում են ոչ-քաղաքական հոդվածներով՝ մեկը «գողացել է», մյուսն «իր իրավասություններն է չարաշահել», երրորդը՝ «խարդախություն է արել»: Կան բազմաթիվ ոչ պաշտոնական լրատվամիջոցներ, անցկացվում են կանխատեսելի արդյունքներով ընտրություններ: Այդպես են կառավարում, օրինակ. «ժողովրդի կողմից սիրված» Օրբանը կամ Էրդողանը՝ «խաբեության դիկտատորները»:
Ինչի համար է պետք «ձեւեր թափել»՝ հասկանալի է: Հյուսիսային Կորեայի նման աշխարհից մեկուսացված լինելը հսկայական դժվարությունների առաջ է կանգնեցնում: Շատ ավելի ձեռնտու է աշխարհի հետ պահպանել բազմակողմանի կապեր, նախեւառաջ՝ տնտեսական, առեւտրային, տեխնոլոգիական:
Այդպիսին էր նաեւ Պուտինը՝ մինչեւ Ուկրաինայի դեմ նոր պատերազմ սկսելը: ՌԴ նախագահն այդպես էլ կշարունակեր, եթե կարողանար գրավել Կիեւը նույն հեշտությամբ, որով 2014-ին բռնազավթեց Ղրիմը: Բայց դա չհաջողվեց, եւ Պուտինն այլեւս չկարողացավ խաբել ու վերադարձավ 20-րդ դար` «վախի դիկտատուրային»՝ արգելելով անկախ լրատվամիջոցները, փակելով սոցցանցերի մի մասը եւ ներմուծելով ծանր քրեական պատիժներ՝ «բանակը վարկաբեկելու» համար:
Կարդացեք նաև
Սերգեյ Գուրիեւն իր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հակառակ անցումը՝ «խաբեության դիկտատուրայից» դեպի ժողովրդավարություն, դրական պատասխան է տալիս եւ բերում է Էկվադորի ու Հայաստանի օրինակը: Ըստ նրա՝ մեր երկիրը տիպիկ «խաբեություն դիկտատուրա» էր: Բայց մեր հասարակության ճնշող մեծամասնությունը տեսավ, հասկացավ, որ Սերժ Սարգսյանն անազնիվ ճանապարհով պատրաստվում է հավերժացնել իր իշխանությունը, ընդվզեց դրա դեմ եւ նպաստեց իշխանափոխությունը:
Այսքանի հետ վիճելը դժվար է: Բայց նախ՝ հաշվի չի առնվում Արցախի հարցը եւ դրա հետ կապված համաշխարհային հիմնական խաղացողների շահագրգռվածությունը՝ իշխանության բերել Փաշինյանին: Երկրորդ՝ իշխանափոխությունն ինքնին չի նշանակում, որ անցնում է կատարվել ժողովրդավարությանը:
Նիկոլ Փաշինյանի ռեժիմն իր հիմնական գծերով չի տարբերվում Սերժ Սարգսյանի ռեժիմից: Կոռուպցիայի, գրպանային դատարանների եւ քաղաքական ռեպրեսիաների մասին շատ է խոսվել: Երկու խոսք ասեմ լրատվամիջոցների մասին: Մեր երկրում, բարեբախտաբար, չկա քաղաքական գրաքննություն, քիչ են նաեւ ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ: Դրա փոխարեն գործում են «ֆեյքերի ֆաբրիկաները» եւ համապատասխան կայքերը, որոնք անհաճո լրագրողների վրա հարձակվում են բարոյական տեռորի, ատելության խոսքի միջոցով (որն, ի դեպ, նույնքան անօրինական է, որքան ֆիզիկական հարձակումը): Արդյունքում՝ այն մարդիկ, որոնք անտարբեր չեն, թե ինչպես են իրենց ասածները կամ գրածները մեկնաբանվում, ամեն վայրկյան զբաղված են ինքնագրաքննությամբ:
Մի խոսքով, Հայաստանն ինչպես եղել է, այդպես էլ մնացել է spin dictatorship:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չէք կրնար պատկերացնել թէ որ աստիճան ես ալ կ’ուզեմ, կ’ըղձամ, խորապէս կը տենչամ, որ Հայաստանի այժմու, դժոխածին վարչակարգը՝ վերջ գտնէ:
Սակայն, նկատի առնելով թէ, այլազան պատճառներով, որքան անտանելի են սոյն վարչակարգի հակառակորդ՝ բոլո՛ր քաղաքական գործիչները, խումբերն ու հոսանքները,
որոշած եմ անաչառութեան որոշ գիծ մը՝ չանցնիլ:
. Անհերքելի է որ հիմա էլ չկան՝ իրենց տիտղոսին եւ կոչումին արժանի, իսկական դատարաններ եւ դատաւորներ, Հայաստանի մէջ:
Սակայն իսկապէս կարելի՞ է այս կացութիւնը հաւասարեցնել անցեալի վիճակին հետ:
Անցեալին, առանց փողոցի նշանակալից զօրակցութեան, իշխանութեան դէմ՝ այսքան յանդուգն, անվախ, անզուսպ եւ անսանձ կերպով կանգնած, այսքան շատ մարդիկ, չկային:
Թէ որ լինէին, խիստ հաւանական է որ օրուայ իշխանութիւնները չէին գոհանար զանոնք միայն բանտարկելէ:
ամբողջական եւ ստորագրուած արձագանգս – անշուշտ թէ նշելով այս թերթն ու խմբագրականը –
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02PoX4C8nT7HY8gGtpEcZS3RrQ6kcU1eUYMrdU3YwEULYRc6QVQoTgTfTo146CH5uwl&id=100063953917374