Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան․ «Երբ դուք ինքնորոշվում եք՝ ամբողջ աշխարհը սկսում է ձեզ ծեծել, այդ ծեծելուն պիտի դիմանալ․ եթե դիմանաք՝ շատ շուտ աշխարհի մի մասը ձեզ պահելու է»

Օգոստոս 15,2023 23:45

«Ինքնորոշման վերաբերյալ, երբ խոսում ենք,  ես դասախոսություններ եմ կարդում, ու ամեն օր մեկը մի բան ասում է, գրում՝ հերիք է էս ժողովրդին ապակողմնորոշեք, մենք ինքնորոշման խնդիր չունենք, մեր հարցերը լուծված են։ Մեկը կասի՝ դարասկզբի վճիռն ունենք, այնտեղ ամեն ինչ որոշված է, դա ժամկետ չունի, մյուսն ասում է՝ երբ խոսում եք ինքնորոշման մասին, դուք պառակտում եք ազգը։ Այս էսպիսի պատկերացումներ կան»,-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ «Բացում» քաղաքացիական նախաձեռնության հրավերով  «Ինքնորոշման ուսումնասիրություն․պատկերացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը երբ ստեղծվեց, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ճանաչեց․«Պատկերացնո՞ւմ եք էդ ինչ հզոր բան է, որ ճանաչել է, այս աշխարհում, որտեղ  բացի նեղ շահերից կարծես ոչ մի բան չկա։ Բայց բոլոր պետությունները  համաձայնվել են,  որ դա հզոր սկզբունք է եւ բոլորը պետք է հարգեն»։

Այս հարցի շուրջ մեզ մոտ, տարաձայնություններ կան, քանի որ, ինչպես Սարգսյանն ասաց՝ չկա ընդհանուր համաձայնություն․« Հայաստանում 90%-ը թուրքերից է խոսում, 10%-ը՝ հայերից։ Ամբողջ ազգը թուրքերից է խոսում, ուրիշների մասին է խոսում։ Շատ քիչ ենք խոսում հայկական ուժի մասին։ Անգամ եթե մեկը խոսում է,   տասը հոգի վրա է տալիս, մեկը կարող է Նժդեհի անունը տա, մեկը՝ առաջին հանրապետության կառավարության,  մյուսը՝ ղարաբաղյան շարժման, հիսուն հոգի կասի՝ հիմարություններ մի խոսեք, ամեն ինչ ԿԳԲ-ն է անում։ ԿԳԲ-ակենտրոն մտածողություն է»։

Մանվել Սարգսյանը պատմական ակնարկ արեց ու զուգահեռներ անցկացրեց այսօրվա իրավիճակի հետ։ Ասաց՝ առաջին հանրապետությունում, երբ վեճեր էին գնում ինչպես ստեղծել պետություն, այն ժամանակ, երբ փլուզվել էին ռուսական կայսրությունը, օսմանյան կայսրությունը, պետք էր մի բան անել․«Ոչ ոք պետության մասին չէր մտածում։ Մտածում էին ումից վերցնենք պետությունը, ով մեզ կտա պետություն։ 1918 թվականին ուլտիմատում էին ընդունել քայքայվող օսմանյան կայսրությունից, որ թուրքերը ստորագրեն տան, մի քառակուսի մետր տան, բայց թուրքերը ստորագրեն։ Այն ինչ վարչապետն այսօր ասում է՝ չունենք կադաստրի թուղթ, կադաստրի թուղթը  թուրքերից է ուզում, ասում է՝ 29,800 քառակուսի մետրը հերիք է, բայց ստորագրեք տվեք։  Նույն մտածողությունն է՝ ուրիշներից ստանալ այն, ինչ քեզ համար հերիք է։ Այս վեճերը կան անընդհատ, այսօր էլ վարչապետն ասում է՝  Հայաստանը փո՞ւռն եք տալիս ղարաբաղցիներին, մի հատ հանձնենք, որ մենք ապրենք, մեկն ասում է՝ էդ ինչ ես ասում, մեր երկիրն է, մյուսն ասում է՝ ինչ երկիր, մի կտոր հող է։ Որտեղից են գալիս այս խոսակցությունները, որովհետեւ չկա համաձայնություն ճշտի ու սխալի մասին։ Այ երբ խոսում ենք ինքնորոշման մասին, պետք է գանք համաձայնության»։

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ ինքնորոշումը դա ընտրություն է անորոշ իրավիճակում, որը կարող է կատարել եւ անձը, եւ հանրությունը ու հանրության համար դա ամենակարեւորն է․«Ինքնորոշումը պատասխանատու մարդկանց համակարգ է դառնում, այն աստիճանի պատասխանատու, որ արդեն իսկ դուք չեք որոշում։ Համաձայնվելուց հետո ձեզանից էլ չեն հարցնում մնացածները։ Արցախի հարցի շուրջ ազգն իրար ուտում է, որովհետեւ չկա համաձայնություն եւ պատասխանատվություն»։

Նա բերեց Սինգապուրի օրինակը, թե ինչպես ինքնորոշվեց եւ հզոր պետություն դարձավ, նշեց՝ պետք է ունենալ ռազմավարություն, եթե ունես ռազմավարություն, բոլորը գալիս են քեզ հետ խոսում, իրանք են գալիս։

«Ինքնորոշումը ոչ ոք չի սիրում։ Մի քանի տարի առաջ Կատալոնիան ուզեց ինքնորոշվել, ռեֆերենդում արեցին, ամեն ինչ արեցին, բայց ոչինչ չստացվեց, որովհետեւ իմաստը չեն հասկացել, նույնը ձեւ քրդերը։ Երբ դուք ինքնորոշվում եք՝ ամբողջ աշխարհը սկսում է ձեզ ծեծել, այդ ծեծելուն պիտի դիմանալ։ Եթե դիմանաք՝ շատ շուտ աշխարհը կիսվելու է, մի մասը հասկանալու է, որ ձեռնտու է սրանց հետ գործ անել, ու այդ կեսը ձեզ պահելու է»,-ասաց Սարգսյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031