Օգոստոսի 15-ին Գեղարքունիքում տեղի ունեցած միջադեպի մասին ԵՄ դիտորդական առաքելության իրարամերժ տեղեկությունները «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը պայմանավորում է իրավիճակը չլարելու ցանկությամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»: Այս հայտարարությանը հաջորդել էր ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան էջում տարածած հերքումը, որով վստահեցնում էին, որ իրենց ոչ մի դիտորդ կրակոցների թիրախում չի հայտնվել: Եվ միայն համացանցում հայտնված տեսանյութից հետո, որտեղ ԵՄ դիտորդը՝ դեմքը փակած, պատմում էր կատարվածի մասին, ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջեց իր վերջին հրապարակումը Թվիթերից եւ նոր հրապարակում արեց այն մասին, որ իրենց դիտորդները կրակոցների ականատեսն են եղել:
«Ես ենթադրում եմ, որ չեն ուզում լարել մթնոլորտը, բայց, համենայնդեպս, իրենց հերքումն ավելի շատ վերաբերում է նրան, որ իրենց պարեկները թիրախավորված չեն եղել, որից կարելի է ենթադրել, որ կրակոցները օդ՝ դեպի վերեւ են եղել, քան պարեկների մեքենան է եղել»,- Aravot.am-ին ասաց Խուրշուդյանը:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ կրակոցներն անմիջապես հաջորդեցին առաքելության այն հայտարարությանը, որը հերքում էր ադրբեջանցիների տարածած ապատեղեկատվությունը, թե Հայաստանը սահմանին մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նախօրեին ՀՀ-ին մեղադրել էր ռազմական սադրանք կազմակերպելու մեջ՝ պնդելով, թե «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին…»:
«Ադրբեջանցիների կրակոցներն ավելի շատ մեսիջ էին, թաքնված սպառնալիք, որ եթե ուզում եք այստեղ խաղաղ պայմաններում ձեր առաքելությունն իրականացնել, նման բացահայտումներ մեր ստերի վերաբերյալ մի՛ արեք: Սա էր ուղերձը»,- հավելեց Խուրշուդյանը:
Իսկ այն, որ առաքելությունն այդպես էլ թվիթերյան իր վերջին գրառմամբ չհստակեցրեց, թե ում կողմից է կրակոցները եղել, մեր զրուցակիցը հորդորեց ոչ թե կենտրոնանալ դրա վրա, այլ, թե առաքելությունն ինչպես բացահայտեց Ադրբեջանի սուտը՝ հայտնելով, որ ՀՀ սահմանին կուտակումներ չկան. «Զարմանում եմ՝ ինչ համառությամբ չեք ուզում տեսնել շատ ավելի կարեւոր հայտարարությունը, որ արեց այդ նույն առաքելությունը, որը նախորդել է այս դրվագին: Իսկ այդ նախորդելը այն էր, որ այստեղ մոնիտորինգ է անում, հայկական զորքի որեւէ կուտակում չի տեսել: Սա հազար անգամ ավելի կարեւոր է, քան այն, որ ոչ թե ասում է ՝ այո՛, ադրբեջանցիները հենց մեր վրա են կրակել, այլ ասում է՝ չեն թիրախավորել հենց մեր պարեկներին, բայց չի հերքում, որ նման կրակոցներ են եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ